Հեքիաթ է, թե մենք խիստ իմաստուն, լավ զարգացած ու մշտապես առաջադեմ ազգ ենք: Վերլուծելով վերջին 25-30 տարիների մեր վարքը՝ կարելի է հանգիստ խղճով պնդել, որ մենք բավականին կարճամիտ, թերզարգացած ու ասիական գավառամտությամբ աչքի ընկնող ազգ ենք։ Եվ սրա հիմքում ընկած է այն խնդիրը, որ անհատական մակարդակում չենք կարողանում սթափ գնահատական տալ ինքներս մեզ, ու որ ավելի կարևոր է, գրեթե բացակայում է ինքնաքննադատությունը։
Ու այս ամենի ֆոնին բավականին զավեշտալի ու տխուր է էյֆորիայի այն ալիքը, որը տիրում է նոր վարչապետի շուրջ։ Քավ լիցի, այնպես չէ, որ դժգոհ եմ Կարապետյանից։ Անգամ առանց համեմատականներ անցկացնելու նախորդների հետ՝ կարող եմ փաստել, որ ավելի շուտ գոհ եմ, քան դժգոհ նրանից։ Խնդիրը Կարապետյանը չէ։ Խնդիրը մարդկանց ակնկալիքներն են, ովքեր, կարծես, ոչ թե վարչապետի հետ գործ ունեն, այլ մի բարի կախարդի, ով կախարդական փայտիկով լուծելու է բոլոր հարցերը։ Իսկ եթե չլուծի, ապա դրա մեղավորությունը մութ ուժերինն է։
Տիկնա՛յք և պարոնա՛յք, մի լուր ունեմ ձեզ համար, եթե այդպես եք մտածում. ոչինչ չի փոխվելու, եթե դուք չփոխվեք, և բացարձակապես կապ չունի, թե ով կլինի վարչապետ, նախագահ, թագավոր, հոգևոր առաջնորդ։ Քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը ոչ թե խոսքով, այլ գործով դեմ չէ օրինակ օլիգարխիային (ոչ թե ափսոսում է, որ ինքը չէ այդ օլիգարխի տեղը), քանի մեզանից յուրաքանչյուրը պատրաստ չէ ապրել օրենքով (այլ ոչ թե ափսոսել, որ ինքը չի մտնում այն մարդկանց ցուցակի մեջ, ովքեր վեր են օրենքից), քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը սեփական հոգսերը հոգալուց ու երկրից պահանջելուց բացի՝ պատրաստ չէ ինքը օգտակար լինել ու տալ երկրին, մենք չենք ապրելու ավելի լավ երկրում։
Վերջիվերջո պետք է հասկանալ, որ երկիրն իրոք լավը կամ էլ վատը չի լինում։ Մեր խնդիրների արմատը հենց մեզանում է, որովհետև մարդկային սխալներից ու արատներից են բխում դրանք բոլորը։ Ու պետք չէ կարծել, թե նրանք, ում դուք մեղադրում եք բոլոր չարիքների համար (ընդ որում՝ արդարացիորեն), լուսնից ներկրված են։ Էլի մարդ են։ Մարդ են, ինչպես ես ու ձեզանից յուրաքանչյուրը։ Պարզապես նրանք, հայտնվելով գայթակղության առջև, չեն դիմակայել դրան, ու խնդիրն այն է, որ նույն իրավիճակում նույն գայթակղություններին չի դիմակայի մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը։ Այ սա՛ է խնդիրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել