Մենք հայերս ջրապաշտ ժողովուրդ ենք, դա գալիս է մեր ազգային էությունից և մտածելակերպից: Ջուրը հին հայերի պատկերացմամբ եղել է հեթանոսական չորս մեծ տարերքներից (հող, օդ, ջուր, կրակ) մեկը: Ջուրը կյանքի կենարար աղբյուրն է և հարատևության երաշխավորը: Հնում ջրի պաշտամունքին են նվիրված եղել աստվածներ, տաճարներ, տոներ, ծեսեր և ավանդույթներ: Ջրին վերագրվել են մաքրագործման և երկարակեցության հատկանիշներ: Այդ պատճառով էլ հաճախ համադրվում են աղբյուր և երկարակեցություն բառերը: Հայ ժողովրդի մեջ ջրապաշտության ամենամեծ ապացույցներից մեկը թերևս մեր ազգային «Սասնա ծռեր» դյուցազնավեպի գլխավոր հերոսների՝ Սանասարի և Բաղդասարի և  հայոց ուժն ու իշխանությունը խորհրդանշող Քուռկիկ Ջալալիի և Թուր կեծակիի ջրածին լինելն է: Ջրին վերագրել են  նաև պտղաբերության հատկանիշներ, դրա վառ ապացույցը ժողովրդական պատկերացումների համաձայն «Սասնա ծռեր» դյուցազնավեպի գլխավոր հերոսուհի Ծովինարի՝ ջրից հղիանալն է:

Հատկանշական են հատկապես ջրի պաշտամունքին նվիրված հայկական ձկնակերպ վիշապ կոթողները, որոնք հնում դրված են եղել աղբյուրների ակունքների մոտ: Այստեղից էլ գալիս է  ջրի ակունքը վիշապի կողմից հսկելու գաղափարը հայկական հեքիաթներում:

Ջրի պաշտամունքը հնում կապված է հայոց դիցարանի Աստղիկ աստվածուհու հետ: Նա պատկերվել է ջրի մեջ լողացող գեղեցիկ կնոջ կերպարանքով: Աստղիկի լոգարանն, ըստ ժողովրդական հավատալիքների, եղել է Արածանի գետի այն հատվածը, որն անցել է Մշո դաշտով: Դիցուհին գետում լողալուց մշուշապատել է Արածանիի շրջակայքի դաշտը, որպեսզի հեռվից իրեն ոչ ոք չտեսներ: Այստեղից էլ գալիս է Մշո դաշտի անունը: Աստղիկ դիցուհու հետ է կապված ջրի պաշտամունքին նվիրված Վարդավառի տոնը, որտեղ ջրի պաշտամունքը հասնում է մեծարանքի աստիճանի: Տոնն այսօր էլ նշվում է որպես ջրապաշտության վերապրուկ:

Ջրի պաշտամունքը նաև տիրապետող է եղել և այժմ էլ տիրապետող է Արևելքի շատ երկրներում:

Սյուզի Կարապետյան

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել