Երեկ անդրադարձա նրան, որ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությունը վկայում է կամ նրա մասին, որ իրենք չեն կարողանում ընկալել իրականությունը, կամ էլ մարդկանց են էշի տեղ դրել։ Ջհանգիրյանի առաջացրած դիսսոնանսը դեռ չէր հանդարտվել, երբ ծլեց ամենայն հայոց տնտեսության մեսսիա, մեգա հանճար ու իմաստուն, «նախկին» նախդիրով առաջավոր տիտղոսակիր՝ Հրանտ զՀանճարեղագույն Բագրատյան։ Ուղղակի չեմ կարող չանդրադառնալ նրա 3-րդ բաց նամակին, քանի որ սույն փայլուն ուղեղը պարզապես ֆենոմենալ ցինիզմ է դրսևորել… 

Եվ այսպես, տեսահոլովակի մեջ ՀՀԿ-ական ստվերն ասում է. ես ընտրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև Հրանտ Բագրատյանի ժամանակ տնտեսություն աճում էր։ Հա, էլի որ։ Բարեկամներ ոչ թե իմ թվերով, այլ ինձանից հետո ձեր ՀՀԿ-ական Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է իմ վարչապետության շրջանի հետևյալ մակրոտնտեսական թվերը. 1993` -8.8%, 1994` + 5,4%, 1995թ` +6.9% և 1996թ` +5.9%։ Այսինքն, գումարային +9.4%։ Դժվար չէ գտնել այս թվերը վիճակագրական ժողովածուներում (տես`, , էջ188)։ Կրկնում եմ, այս թվերը ձեր թվերն են, այսօրվա ԱՎԾ-ի և Համաշխարհային բանկի։ Ասածս բացարձակ ճշմարտություն է։

Այս պարբերությունը կարդալուց աչքերս ջայլամի ձվի չափ դառան։ Ոնց կարելի է նման տխմարություն դուրս տալ, այլ էլ հրապարակայնորեն։ Ճիշտ է, լինելով 1987 թվականի ծնունդ, ես մանկահասակ երեխա էի այդ թվերին, սակայն ուզում եմ կիսվել մի քանի հիշողություններով այդ ժամանակահատվածից, որ ինքս եմ հիշում, մեկ էլ մի երկու բան, որ արդեն հետո ծնողներս են պատմել այդ թվերից։
Բագրատյանի ֆենոմենալ աճերի օրոք, մենք օրեկան 2 ժամ էինք լույս ունենում, դպրոցի բուֆետում ոչինչ չկար, բացի պարսկական 30 դրամանոց վաֆլիներից, որոնք մարդիկ երեկոյան օգտագործում էին կանթեղի տեղ (ով տեղյակ չի՝ էդ վաֆլիները շատ լավ վառվում էին ու մարդիկ երեկոյան ասենք հարևանի տուն բարձրանալիս, վառում էին մի հատ վաֆլի, որ լուսավորեին իրենց ուղղին)։ Հիշում եմ նաև, թե ինչ հիանալի թաց խմոր էր իրենից ներկայացնում հացն այդ ժամանակ, որի մեջ ցորենի ալյուրն ավելի քիչ էր քան մեքենայի ակկումուլյատորի մեջ։
Դավիթաշենում լույսերը 24 ժամ դարձան միայն 1994-ի վերջերին ու մենք առաջիններից էինք դեռ, իսկ 1996-ին, երբ ես 3-րդ դասարանի աշակերտ էի, մեզ դեռ դպրոցում «օգնության» վաֆլիներից էին տալիս ու մի բաժակ կաթ։ Ինչ վերաբերում է ընտանիքիս տնտեսական վիճակին, ապա ասեմ, որ հայրս, ով կոոպերատիվ շարժման ժամանակ ահագին փող էր աշխատել, պատերազմի ժամանակ Օրբիտա գործարանի գլխավոր ինժեներն էր (տանկի նշանառման նորագույն սարք էին նախագծել, որոնցից անգամ ՀԱՀ-ից էին պատվիրել) ստիպված էր գռզոյանոցում սեղանիկի առջև առևտուր աներ, քանի որ երևի փայլուն տնտեսական աճի հետևանքով մեր ընտանիքը սկզբում կորցրեց բոլոր ավանդները, հետո էլ կուտակած ոսկեղենը։

Բայց շատ մի հուսահատվեք։ 2007-ին ունեցել եք +13.7% (վարչապետ` Սերժ Սարգսյան)։ Միայն թե 2007-2011թթ տվյալները լուրջ ռևիզիայի չեն ենթարկվել (չկասկածեք, որ մենք դա կանենք, երբ կվերցնենք իշխանությունը), իսկ ահա իմ վարչապետության թվերը դուք մեկ առ մեկ ստուգել եք և ես էլ վերցրել եմ ձեր թվերը, ոչ թե իմ։ Մի բան էլ ասեմ, որ ընդունում եմ 2000-2007թթ տնտեսական աճը Անդրանիկ Մարգարյանի վարչապետւթյան շրջանում։ Լուսահոգին շատ բանի էր հասել։ Բայց կարծես թե դուք այսօր մրցակցում եք նաև այդ շրջանի հետ։

Նախ և առաջ, ԱՌՌՌՌԸ ՀԱ, թե դուք երբևէ կվերադառնաք իշխանության, ինչքան գռփեցիք՝ լրիվ հերիք է, էս երկրում իրոք էլ մարդ չի մնա եթե մի անգամ էլ մեր տնտեսությունը հայտնվի ձեր ներքո։
Թող ոչ ոք չմտածի, որ ես փորձում եմ պաշտպանել ներկա իշխանությունները կամ տնտեսական կուրսը, այսօր մենք ուղղակի «ըմբոշխնում» ենք այն ամենը, ինչի հիմքը դրվել է հենց նույն բագրատյանների օրոք ու մեր բոլոր խնդիրների գլխավոր պատճառներից մեկը կայանում է նրանում, որ ոչ թե վատ տնտեսագետներ են եղել երկրի ղեկին կանգանած, այլ ի սկզբանե կառուցել ենք արատավոր ու անարդաար սիստեմ։ Ու երբ նախկին «հերոսները» փորձում են իրենց որես սրբեր ու անմեղ գառներ ներկայացնել, իսկ ներկայիններիս բիրտ ու բռի անգրագետներ, ինձ մոտ դա արդեն զավեշտ էլ չի առաջացնում, այլ ուղղակի ատելություն։
Խորհուրդ կտայի, որ Բագրատյանը թարգի իրա «չաթը», թե չէ մի երկու հատ ել բաց նամակ գրի ու մի քիչ էլ պատմի, թե ինչ կայֆ էր իր օօրոք, ՀԱԿ-ը ուղղակի կարող է -100% հավաքել այս խորհրդարանական ընտրություններին։
Ուզում եմ ամփոփել դրական նոտայով։ Շատ եմ սիրում ՀՏ Հայկոյի «Անցած էտապ» երգը, որովհետև շատ դիպուկ ու լավատեսական է ու շատ ակտուալ՝ տվյալ գրառման կոնտեքստում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել