«Անվտանգության բարձիկներ» գործադիրից
Արդյունավետ հարկային օրենսգիրքը մեծ ազդեցություն ունի ներդրումային դաշտի վրա: Տնտեսական գործունեություն իրականացնող տեղական և արտասահմանյան ընկերությունների համար շուկան պետք է հնարավորինս հարմարեցվի, որպեսզի հնարավոր լինի հետագայում ոչ միայն խուսափել տնտեսական աճը խաթարող գործընթացներից, այլ նաև հնարավորություն տալ ընկերություններին ցուցադրելու իրենց ողջ պոտենցիալը:
Վերջերս Հայաստանում ընդունվեց հարկային նոր օրենսգիրքը: Նմանատիպ փաստաթղթերը վերջնական չեն և չեն կարող դոգմա հանդիսանալ: Եթե դիտարկենք վերջին փոփոխությունները, ապա պետք է արձանագրենք, որ փաստաթղթի թարմացումը տեղի ունեցավ նոր կառավարության ձևավորման ժամանակաշրջանում:
Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը առ այն, որ մինչ այդ փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելը, գործադիր մարմինը հանդես կգա փոփոխությունների նախաձեռնությամբ:
Մտավախություններ կան ինչպես գործարար հատվածում, այնպես էլ պետական կառավարման մարմինների մոտ: Փոփոխությունների թիրախում կարող է լինել եկամտային հարկի սանդղակը, որի վերաբերյալ վերապահումներ ունեն ՏՏ ոլորտի մասնագետները։
Ստեղծված իրավիճակում գործադիր մարմինը կարող է գնալ հարկային օրենսգրքից բխող ռիսկերի վերացմանը, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտի զարգացման համար և բարձրակարգ մասնագետների արտագաղթի պատճառ դառնալ։
Այլ կերպ ասած՝ տարեկան երկնիշ աճ ապահովող ոլորտում ռիսկերի դեմ «անվտանգության բարձիկներ»-ի կիրառումը դառնում է օրակարգային: