Պայքարը հանուն տարրական ժողովրդավարական նորմերի արմատավորման որևէ կապ չունի պայքարի ժամանակագրական առաջնորդի անձի հետ: Համացանցում մղվող բանավեճը արհեստական բաժանարար գծեր է քաշում ազատության համար պայքարողների միջև` տվյալ դեպքում հանգեցնելով Րաֆֆու և Լևոնի կողմնակիցների փոխադարձ կսմիթների: Երբ հասարակությունը արտահայտում է իր ցասումը քվեի միջոցով, այդ պահին ընտրում է իր կողմից ընկալվող հակաիշխանական թեկնածուների ամենահարմար տարբերակը. և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Հովհաննիսյանի դեպքում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ քվեարկել են ոչ թե կոնկրետ անձի, այլ հասարակության մաքսիմալ մոբիլիզացիան ապահովող խորհրդանիշի օգտին: Հետընտրական առաջին հիասթափությունը, որ ունեցա, հակաիշխանական տրամադրություններ ունեցող հասարակական շերտերի և ընդդիմադիր հարթակի սեփականաշնորհման փորձն է... Հարկավոր է ոչ թե առիթից օգտվել` իրավիճակը րաֆֆիականացնելու համար, այլ հունավորել հասարակական մոբիլիզացիան` կոնկրետ արդյունք ստանալու համար: Հակառակ պարագայում Րաֆֆուց նոր Տեր-Պետրոսյան կերտելու փորձերը կնոսրացնեն ակտիվության նշաններ ցույց տվող քաղաքական շարժման շարքերը: Ես նկատել եմ, որ հասարակական ակտիվի մի զգալի մասը, չհաշտվելով այս երևույթի հետ, փնթփնթալով, անվստահորեն է արտահայտվում ձևավորվող շարժման մասին, չնայած հազիվ են զսպում իրենց կիրքը` նետվելու ժողովրդավարական արժեքների համար պայքարի... Չպետք է մոռանալ, որ ընդդիմադիր այդ հատվածը մշտապես գտնվել է պայքարի առանցքում, և բաժանարար գծերի անցկացումը «լևոնական» և «րաֆֆիական» հասարակական ակտիվի միջև նշանակում է էն գլխից ուղղակի սպանել նոր շարժումը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել