Картинки по запросу վիկտոր դալլաքյանՆախ՝ հուսով եմ՝ կպատասխանեք հարցերիս այն պարզ պատճառով, որ, ինչպես Դուք եք ասում, Դուք վերադառնում եք ակտիվ քաղաքականություն, որպեսզի մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, կարողանանք արժանապատիվ ապրել: Ինչպես երևի արդեն նկատել եք, այսօրվա ամենաքննարկվող թեմաներից մեկը Ձեր, այսպես ասած, վերադարձն է: Չէիք կարող չնկատել նաև, որ շատ չնչին տոկոս է հավատում Ձեր անկեղծ նկրտումներին: Դուք, իհարկե, կսկսեք հակադարձել քարերը հավաքելու և նետելու թեզով, բայց թույլ տվեք հիշեցնեմ, որ սա ընդհանրապես այդ դեպքը չէ:

Հարց համար 1

Ինչքա՞ն է եղել Ձեր աշխատավարձը նախագահականում աշխատելու տարիներին: 2012 թ․ մինչ 2016 թ․ եղե՞լ է աշխատավարձի փոփոխություն, թե՞ ոչ: Ի՞նչ ծառայողական մեքենա է հատկացվել Ձեզ Ձեր աշխատելու տարիներին: Ինչպես նաև կխնդրեի պարզաբանել՝ հանձնե՞լ եք արդեն Ձեր դիվանագիտական անձնագիրը։ Իսկ եթե ոչ, ե՞րբ եք պատրաստվում հրաժարվել Ձեր դիվանագիտական անձնագրից:

Հարց համար 2

4 տարի ամենօրյա ռեժիմով գտնվելով մի մարդու ապարատում, որին Դուք հանցագործ եք համարում, ի՞նչ հանցանքների եք ականատես եղել և լինելու դեպքում ինչու՞ չեք դիմել իրավապահ մարմիններին կամ տեղյակ պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Հարց համար 2-ի շրջանակներում թույլ տվեք նաև տեղեկանալ արդյոք այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի մոտ նկատե՞լ եք մոլուցքային խաղերի հակում և հակվածություն:

Հարց համար 3

Կասկածի տակ չդնելով Ձեր ինտելեկտուալ հնարավորությունները, ինչպես նաև համադրելով Ձեր անցած ուղին՝ վստահ եմ, որ Դուք Ձեր՝ քարեր հավաքելու հարմարավետ և բարեկեցիկ տարիներին ուշի-ուշով հետևել եք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:

Այս 4 տարիների ընթացքում ականատես ենք եղել քաղաքական բազմաթիվ ձերբակալությունների՝ Վոլոդյա Ավետիսյան, Շանթ Հարությունյան, վերջիվերջո՝ Սասնա ծռեր: Ժողովրդի լեզվով հարցնեմ՝ պարզ և հակիրճ․ պարո՛ն Դալլաքյան, բա ու՞ր էիք։ Ժողովրդին որ տեղի-անտեղի ջարդում էին, ու՞ր էիք։ Քա՞ր էիք հավաքում։ Դուք Ձեր և վերը նշված մարդկանց նպատակները համարում եք նույնատի՞պ, այսինքն՝ հանցավոր ռեժիմից օր առաջ ազատվելը։ Բայց նրանք գաղութներում են գտնվում իրենց նպատակների պատճառով, իսկ Դուք, ռեժիմի հատկացրած գրասենյակում փափուկ բազկաթոռին նստած, քար էիք հավաքում :)))) Չդիմացա, կներեք, բայց թեմայի կոնտեքստից դուրս՝ մեծատառերով պետքա գրեմ ԼԱՎ ԷԼԻ, ՎԻԿՏՈ՛Ր, ԳԵՂԵՑԻԿ ՉԷ:

Ճիշտ է, բնակվում եմ Հայաստանի սահմաններից դուրս, բայց, փառք Աստծո, երբեք չեմ խնդրել քաղաքական ապաստարան, չեմ բողոքել իմ երկրի մասին օտարների մոտ, չունեմ ո՛չ իշխանական կողմնորոշում, ո՛չ ընդիմադիր: Ունենալով մագիստրոսի կոչում և փայլուն տիրապետելով 4 լեզվի՝ ընտանիքս Հայաստանում չեմ կարողանում պահել:

Գիտե՞ք՝ ինչու եմ այս ամենը գրում․ որ հանկարծ մտքներովդ չանցնի ինձ մեղադրել տաքուկ Եվրոպայից ամպագոռգոռ հայտարարություներ անելու մեջ: Երևանս էլ շատ սիրում եմ, հենց վաղը պատրաստ եմ վերադառնալու և ապրելու իմ հայրենիքում: Հուսով եմ՝ չեք պատասխանի հարցերիս, Ձեզ նույնիսկ կարող է թվալ, որ Դուք արհամարում եք ինձ։ Վստահ եղեք, հարցերին չպատասխանելու դեպքում ինձ և իմ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներին մեծ ծառայություն մատուցած կլինեք: Դուք, լինելով քաղտեխնոլոգիաների հմուտ մասնագետ, կարծում եմ, հասկացաք՝ ինչու...

Վահագն Գիլավյան

ՄԱՐՍԵԼ, ՖՐԱՆՍԻԱ, 12.10.2016

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել