Aysor.am-ը գրում է.
Հոկտեմբերի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Ռոբերտաս Դարգիսի հետ։
Հանդիպմանը ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահին 2014թ. Վիլնյուսում և 2015թ. Երևանում կազմակերպված հայ-լիտվական գործարար համաժողովներին ցուցաբերած աջակցության և ակտիվ մասնակցության համար։
Քննարկվել են այդ համաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Արձանագրվել է, որ առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև 2015թ. համեմատ կրկնապատկվել է։
Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը կարող է հավելյալ առևտրատնտեսական գրավչություն ներկայացնել՝ հաշվի առնելով, որ այն կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ երկրների և Իրանի, ինչպես նաև ԵՄ երկրների և Եվրոսիական տնտեսական միության միջև։ Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2017թ. նոր գործարար համաժողով հրավիրել։
ՀՀ դեսպանն ընդգծել է Լիտվայի կողմից իրականացվող ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականության շրջանակներում նախատեսվող տնտեսական ծրագրերում հայկական ընկերությունների ընդգրկման անհրաժեշտությունը:



