ԿԸՀ անդամների ընտրություն էր ԱԺ-ում: Երևի որ չգտնվես դահլիճում, չես էլ իմանաս՝ ում են ընտրում։ Կարծես մեր ընտրական գործընթացի մինի իրականությունն էր: Ծրագրի ներկայացումներ՝ ընդամենը մի քանի րոպե: Հարցեր՝ ընդամենը մի քանի հատ: Ելույթներ՝ նույնպես մի քանի հատ: Ելույթների ժամանակ բողոքներ, որ ամեն ինչ վատ է, բայց առաջադրելուց նույն մարդիկ են: Ընտրության արդյունքները` կանխատեսելի:Դե եթե այս մինի ներկայացմանը 131 ընտրողի մասշտաբով սա է վիճակը, էլ ինչի՞ ենք զարմանում մասշտաբի մեծացման ժամանակ: Ցանկացած թեկանածուի հարցեր տալը կողքինի ծուռ հայացքին է արժանանում․ սրանք ինչ թիթիզ են․․․ Ելույթի համար գրվելը տնքոց է ստանում կողքերից: Մասնակցությունը, որպեսզի հասկանանք՝ լավ այս առաջադրվողներն ովքեր են, որ 5 տարի իրենց համակարգի համար մի լավ բան չեն արել (դա էր գնահատականը ելույթներում) և ինչ են առաջարկում, նույնպես համարվում է՝ «ա, դե իրեն է ցույց տալիս»: Այո՛, այո՛, չեմ զարմանում, թե ինչու են մեր մոտ ընտրություններն այսպիսին:
Իսկ մենք՝ պատգամավորներս, ի՞նչ արեցինք, որ փոխենք ընտրողների վարքագիծը, ի՞նչ արեցինք, որ ընտրությունները լինեն մրցակցային, մենք ի՞նչ արեցինք, որ առաջադրվողները զգան պարտավորություն հետո ծառայելու: ԶՐՈ: Դե ուրեմն՝ ավելի քան արժանի ենք նրան, ինչ ունենք: Արժանի է մամուլը, քանի որ երկու պատգամավորների՝ իրար կշտամբելն ավելի հետաքրքիր լուր է․ ի՞նչ իմաստ կա հանրությանը տեղեկացնելու, որ այս մարդիկ են թեկնածուները, ու փոխանցենք, թե ինչ են առաջարկում։ Արժանի են այն բոլորը, որոնք դահլիճում լինելու ու թեկնածուներին քննելու փոխարեն պարզապես չկային: Արժանի ենք ու վերջ: Փոխվել պետք է սեփական վարքագծից։ Իսկ դա մենք այս անգամ էլ չարեցինք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155367792528378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



