Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը 1995 թվականին ներկայացրել է հարկային հռչակագիր մոտ 1 միլիարդ դոլարի չափով կորուստներով, ինչը կարող է նրան թույլ տալ օրինական հիմունքներով հարկեր չվճարել ևս 18 տարի: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Ինչպես գրում է պարբերականը՝ համաձայն միլիարդատիրոջ հարկային հաշվետվության, 1990-ականների սկզբին նա ունեցել է մի շարք ձախողումներ. 3 խաղատների ոչ արդյունավետ կառավարումը, ավիաբիզնեսում իրեն փորձելու անհաջող փորձը և Նյու Յորքում «Պլազա» հյուրանոցի անժամանակ գնումը: Այս ամենը կարող էին Թրամփին բերել ոչ միայն կորուստներ, այլ նաև եզակի հարկային արտոնություններ:
Թրամփն ինքն այդ տեղեկատվությունը չի մեկնաբանել: Նրա նախընտրական արշավի աշխատակիցները հրապարակել են հայտարարություն, որում ո՛չ հաստատել, ո՛չ էլ ժխտել են 1990-ականների կեսերին թեկնածուի այդքան զգալի կորուստների փաստը:



