f57ea6628f3338_57ea6628f3375Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը մասնակցել է Բաքվում կազմակերպված պաշտպանական արդյունաբերության 2-րդ միջազգային ցուցահանդեսին: Ըստ թուրքական «Memleket.com.tr» լրատվական կայքի` Ըշըքը Բաքու կատարած այցի ընթացքում լրատվամիջոցների համար դռնփակ հանդիպում է ունեցել Ադրբեջանի և Պակիստանի պաշտոնակիցներ Զաքիր Հասանովի և Թանվիր Հուսեյինի հետ:

Ավելի ուշ լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Ըշըքը նշել է, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել են պաշտպանության ոլորտում 2 երկրների համատեղ իրականացվող, հաստատման փուլում գտնվող և ապագայում նախատեսվող նախագծերը: Ըշըքը նկատել է, որ Բաքվի և Անկարայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում հաջող համագործակցություն է ընթանում, սակայն դա ավելի ցածր է, քան թույլ է տալիս ընդհանուր ներուժը:

«Եղբայրական Ադրբեջանի առջև եղած մարտահրավերները հաղթահարելու համար ավելի շատ համատեղ աշխատանքի կարիք է զգացվում»,- հայտարարել է Ըշըքը:

Նշվում է, որ Ադրբեջանում անցկացվող ցուցահանդեսին մասնակցում է 34 երկիր` ոլորտում գործունեություն ծավալող 216 ընկերություններով: Ամենամեծ ներկայացվածությունն ունի Թուրքիան` 42 ընկերություն: Ռուսաստանն ու Իսրայելը մասնակցում են 14-ական ընկերություններով: Ցուցահանդեսն անցկացվում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հովանավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել