Օրերս Հայաստանը մեծ շուքով նշեց իր անկախության 25 ամյակը: Բազմաթիվ միջոցառումների շարքում հասարակական ուշադրության կենտրոնում էին հատկապես պարգևատրման արարողությունները: Շատերի համար էլ սկզբունքայնորեն հետաքրքիր էր՝ արդյոք նման նշանակալի տարեթվի առթիվ ՀՀ նախագահը կշնորհի՞ ՀՀ Ազգային հերոսի կոչում: Հիշեցնեմ, որ այդ կոչումը ՀՀ ներկայիս նախագահը շնորհել է ընդամենը մեկ անգամ․ 2008 թ. դեկտեմբերի 5-ին Նիկոլայ Ռիժկովն արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման:
ՈՒ չնայած նոր Ազգային հերոսի (կամ հերոսների) կոչման համար արժանիներ շատ կային, և հասարակությանն էլ դա անհրաժեշտ էր ոգևորվելու և Անկախության գինը վերարժևորելու համար, դա տեղի չունեցավ, և ՀՀ Ազգայի հերոսների ցանկը մնաց անփոփոխ: Իսկ ահա այլ պետական պարգևների ու պատվավոր կոչումների առումով այս անգամ պարգևատրումները մի քանի անգամ գերազանցեցին նախորդ տարիների ցուցանիշներին: Պարգևատրվեցին շատերը՝ արժանի, թե անարժան, ինչը դժգոհությունների ու հուսալքության մեծ ալիք բարձրացրեց մասնավորապես մտավորականության շրջանում:
Համացանցային բուռն քննարկման թեմա դարձավ հատկապես սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին ՀՀ նախագահի անունից Վաստակավոր լրագրողի կոչում շնորհելու փաստը: Հիշեցնեմ, որ Սամվել Ալեքսանյանն այն նույն լրագրողն է, ով օգոստոսի 1-ին, շնորհավորելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ծննդյան տարեդարձը, նրան համեմատել էր Հիսուս Քրիստոսի հետ: Գրոտեսկային ու պերճախոսության հրավառության այս շնորհավորանքի տեսքտը օգտատերերից շատերը՝ հատկապես լրագրողները քննադատեցին, իսկ խմբագրին էլ կոչ արեցին արժանապատվություն ցուցաբերել ու զերծ մնալ այդ աստիճան «անինքնասեր» բառապաշարից:
Եվ ահա, ընդամենը օրեր անց այդ նույն լրագրողը Վաստակավորի կոչում է ստանում՝ հաստատելով, որ մեր երկրում գնահատվող լրագրողները միայն նրանք են, ովքեր զուրկ են ինքնագնահատականից, պատվախնդրությունից, և մեր լավագույն լրագրողներից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ «անձնական օգտագործման գուսան են, վաստակավոր դանոսչիկ ու կաշառակերության չեմպիոն»: