Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակ մտնող չորս փողոցներից 3-ում տեղադրված է 3.26 նշանը՝ , ինչը նշանակում է. «Ձայնային ազդանշան տալն արգելված է»: Բայց նրանք, ովքեր իրենց վարորդական իրավունքը ստացել են արդար քրտինքով, գիտեն, որ բնակավայրերում ձայնային ազդանշան տալն արգելվում է, և այդ հարցը կանոնակարգված է ճանապարհային երթևեկության կանոնների կետ 136-ով: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այս նշանի տեղադրումը քաղաքի կենտրոնում:
Գաղտնիք չէ, որ նորապսակներից շատերի ավտոշարասյուները մտնում են Հարապետության հրապարակ, երեք անգամ պտույտ կատարում, և դա ուղեկցվում է մեքենաների խլացնող ձայնային ազդանշաններով: Այն, որ դա կարող է խանգարել Հրապարակի շրջակայում տեղակայված վարչական շենքերի աշխատակիցներին, կասկածից վեր է, բայց մի՞թե դա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի նման աբսուրդ որոշում կայացվի:
Հիմա կգտնվեն մարդիկ, որ կասեն. «Բա ի՞նչ անեն, եթե արգելող կանոնը կա, բայց, միևնույն է, շատերը չեն ենթարկվում, դե ստիպված արգելող նշան են դրել»:
Նման տրամաբանությամբ, եթե առաջնորդվենք, դպրոցի մուտքի մոտ գրված է, որ շենքում ծխելն արգելվում է, բայց քանի որ ոմանք խախտում են այդ պահանջը, իսկ ուսմասվարներից մեկն էլ ծխի հոտը չի տանում, ուրեմն պետք է իր դռան վրա գրի՝ այստեղ ծխելն արգելվում է, ինչից ենթադրվում է, որ մյուս տեղերում կարելի է: Կամ էլ՝ գիտենք, որ մարդ սպանելն արգելվում է, բայց քանի որ ոմանք, այնուամենայնիվ, չեն ենթարկվում օրենքին, ուրեմն կարելի է տարբեր մարդկանց տների վրա գրել, որ այս տան բնակիչներին սպանելն արգելվում է:
Ենթադրում եմ, որ նման անգրագետ քայլ հազիվ թե սեփական նախաձեռնությամբ անեին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Այդ դեպքում ո՞վ կարող էր նրանց ստիպել: Սկզբից կարծեցի՝ էլ ով, եթե ոչ վարչապետը, ում աշխատասենյակը հենց Հրապարակի կառավարական թիվ մեկ շենքում է: Բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ: Բանն այն է, որ այդ նշանը տեղադրված է Աբովյան, Ամիրյան, Վազգեն Սարգսյան փողոցներից Հրապարակ մտնելիս, մինչդեռ բացակայում է Տիգրան Մեծ փողոցի կողմից, որով մտնելու դեպքում մեքենաներն անցնում են կառավարության շենքի կողքով:
Բացի այդ ակնհայտ է, որ ճանապարահային նշանն ունի կոնկրետ ազդեցության տիրույթ, ու եթե գրված չէ, ասենք, հարյուր կամ երկու հարյուր մետր, ուրեմն նշանը գործում է մինչև հաջորդ խաչմերուկ: Իսկ, եթե հարկավոր է, որ նշանն իր ազդեցությունը շարունակի, ապա փողոցի սկզբնամասում նորից պետք է այն դրվի: Բայց տեսնում ենք, որ Նալբանդյան փողոցի վրա այդպիսի նշանը բացակայում է:
Կնշանակի, որ ոչ միայն Տիգրան Մեծի կողմից մտնողներն են անարգել ձայնային ազդանշաններ արձակելու, այլև այն երեք փողոցից հրապարակ մտած մեքենաների համար նշանի ուժը կորչում է Նալբանդյան փողոցի սկզբնամասում, այսինքն՝ վարչապետի պատուհանների տակ:
Սա սոսկ ճանապարհային նշանի հարց չէ՝ սա ավելի խորը վերլուծության կարիք է զգում, որ ոստիկանության աշխատակիցներն անզոր են կարգուկանոն հաստատել քաղաքի կենտրոնում, և բացի դրանից, անզոր են նաև իրենց վերադասին կամ որևէ ազդեցիկ անհատի ասել, որ նման նշան տեղադրելն աբսուրդ է, քանի որ ստացվում է, որ քաղաքի մնացած մասերում ձայնային ազդանշան օգտագործելը թույլատրվում է: Իսկ հիմա պատկերացնո՞ւմ եք, թե քանի այսպիսի հարցեր կան, որ այսպես են լուծվում, և մեզ տեսանելի չեն, ինչպես այս ճանապարհային նշանները:
Ինձ մնում է ավելի ազդեցիկ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս և նմանատիպ այլ խնդիրների վրա՝ ակնկալելով, որ համակարգային լուծում կգտնեն, այլ ոչ թե նման կիսատ-պռատ ու անլուրջ քայլեր կանենք մայրաքաղաքի սրտում: