Անկախ նրանից, թե ինչ գնահատական ունեմ Բագրատյանի գործունեությանը՝ վարչապետ եղած ժամանակահատվածի համար, պետք է խոստովանեմ, որ այս նախընտրական քարոզարշավում ամենառացիոնալ, սթափ ու հասկանալի քարոզչությունը հենց նա է վարում, միևնույն ժամանակ, ինձ հատկապես դուր է գալիս, որ Բագրատյանը թատերական շոուի ու պոպուլիզմի շքերթի չի վերածել իր քարոզարշավը։
Մարդը խոսում է հիմնականում իր ծրագրի մասին, որի հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել, բայց անհնարին է հերքել, որ այն չի պարունակում կոնկրետիկա։ Մյուս կողմից, Բագրատյանն իր առաջադրվելով դրսևորեց իրեն որպես պատասխանատու քաղաքական գործիչ, որովհետև եթե դու քաղաքական ուժ ես ներկայացնում, քո մեծագույն պատասխանատվությունը քո էլեկտորատի առջև միշտ էլ նախագահի աթոռին հավակնելու մեջ է։ Բացի դրանից, Բագրատյանը չփորձեց օգտագործել Լևոն Տեր-Պետրոսյանի շողքն ու ՀԱԿ-ի բրենդ դարձած անվանումը, այլ առանձնացավ դրանից, իսկ հիմա էլ հայտարարում է, որ անկախ ընտրությունների արդյունքից՝ ընտրություններից հետո ձեռնամուխ է լինելու լիբերալ դաշտում նոր քաղաքական հզոր կուսակցության ստեղծմանը՝ «Ազատություն» կուսակցության բազայի վրա։
Մի խոսքով, անկախ նրանից, թե ինչ չարախոսություններ են շրջանառվում Բագրատյանի հասցեին, ես դիտարկում եմ նրան որպես մեր աղքատիկ քաղաքական դաշտի եզակի կոլորիտային քաղաքական գործիչ ու շատ կուզենայի, որ մեր մնացած գործիչները որոշ հարցերում օրինակ վերցնեին նրանից:
Կից նյութն`այստեղ