Տասներկու տարի առաջ սեպտեմբեր ամսին աշխարհը ցնցվեց Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչությունից: Սեպտեմբերի 1-ին մի քանի տասնյակ զինված ահաբեկիչներ գրավեցին քաղաքի դպրոցներից մեկը՝ պատանդ առնելով հարյուրավոր աշակերտների իրենց ծնողների հետ: Ահաբեկիչները պահանջում էին ռուսական զորքերը դուրս բերել Չեչնիայից:
Առավոտյան արդեն ժամը 10:30-ին ձևավորված շտաբ կար, որի ղեկավարն էր Ալանիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ձասոխովը: Նրան անմիջապես հաջորդ օրը փոխարինեց նույն հանրապետության ՖՍԲ-ի ղեկավար Վալերի Անդրեևը: Ահաբեկիչները պահանջում էին բանակցությունների հրավիրել Ինգուշեթիայի նախագահին և Ձասոխովին: Իշխանությունները, բնականաբար, որևէ տեսակի փոխզիջման չէին նախապատրաստվում: Նրանք ժամանակ ձգելու և ուժերը կոորդինացնելու համար բանակցությունների հրավիրեցին Ռուսլան Վալգասովին: Ահաբեկիչները որպես պատասխան անցան գործողությունների: Ժամը 16:30-ի սահմաններում Շահիդներից մեկը պայթեցրեց իրեն, և ահաբեկիչները գնդակահարեցին մի քանի պատանդի:
Սեպտեմբերի 2-ը բանակցությունների առումով անպտուղ էր: Չնայած իշխանությունների կողմից որևէ քայլի բացակայությանը՝ ահաբեկիչները որպես բարի կամքի դրսևորում համաձայնվել էին 24 պատանդի բաց թողնել: Սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ էր գումարել՝ դատապարտելով տեղի ունեցողը և պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին: Օրվա վերջին, սակայն, ահաբեկիչները բավականին խստացրին իրենց պահելաձևը: Նրանք պատանդներին չէին թողնում հոգալ սեփական կարիքները: Ավելին, նրանց ղեկավարներից Խուչբարովը սպառնաց բոլոր նրանց, ովքեր կկատարեն պատանդների ցանկությունները: Սեպտեմբերի 3-ի կեսօրին մոտ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ փրկարարական խումբը մոտեցնել և դուրս բերել առաջին օրը սպանվածների դիերը:
Ժամը մոտավորապես 14:00-ին պայթյուններ լսվեցին: Ահաբեկիչների բացած կրակից տեղում սպանվեցին փրկարարներ Դմիտրի Կորմիլինը և Վալերի Զամարաևը: Փաստացի, գրոհը սկսվել էր այն ժամանակ, երբ փրկարարներն իրենց մասնագիտական պարտքն էին կատարում: Այդ ժամանակ գործի էր դրվել տեղական ոստիկանությունը: Հետագայում ժամը 3-ին մոտ սկսվեց ՖՍԲ-ի հատուկ ջոկատայինների գրոհը: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ գրոհի պահը համարվում է հենց դա և այն որակվում է որպես իրավիճակից բխած անհրաժեշտ գործողություն: Ռուսական քարոզչական հարթակները սրանով առաջին հերթին ծաղրում էին զոհերի հարազատներին, քանի որ գործողությունների ժամանակ օգտագործվել էր Մի-24 ուղղաթիռ և տանկեր: Պարզ բան է, որ այդպիսի գործողության ժամանակ մինչև վերջ զինված գրոհային ուղղաթիռ և ծանր զինտեխնիկա դեպքի վայր բերելը չէր կարող նախօրոք պլանավորած չլինել: Գրոհի ժամանակ 334 մարդ սպանվեց, որից 186-ը՝ երեխաներ: Յուրաքանչյուր ահաբեկչական գործողության վնասազերծման ժամանակ միշտ այնպես էր արվում, որպեսզի զոհեր չլինեն կամ հնարավորինս քիչ լինեն: Փաստերը ցույց են տալիս, որ իշխանություններին այդ ժամանակ ամենաքիչն էր հետաքրքրում զոհերի ճակատագիրը: Աշխարհի ոչ մի երկրում դեռ չի եղել, որ հարյուրավոր պատանդներ ազատելու համար ուղղաթիռներ և տանկեր օգտագործեն: Իշխանությունների խայտառակ պահվածքը և զոհերի չափազանց մեծ թիվը ողբերգության ավարտից հետո բազմաթիվ հարցերի տեղիք տվեցին: Հասարակության շրջանում սկսվեցին շրջանառվել այնպիսի վարկածներ, որ դա ՖՍԲ-ի կազմակերպածն էր: Իշխանությունների կատարած քայլերը՝ հետաքննության նկատմամբ ստեղծած խոչընդոտները, ևս խոսում են այդ վարկածի օգտին: Ողբերգությունից անմիջապես հետո մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ ահաբեկիչներից Վլադիմիր Խոդովն ուղղակիորեն հանդիսանում էր ռուսական ՖՍԲ-ի գործակալ, որը ներդրված էր Շամիլ Բասաևի շրջապատ, որպեսզի տեղեկություններ հաղորդեր հատուկ ծառայություններին նրանց ծրագրերի մասին: Ողբերգությունից անմիջապես հետո ստեղծվեց «Բեսլանի մայրեր» հասարակական միավորումը, որը սկսեց զբաղվել դեպքերի վերաբերյալ փաստեր հավաքելով:
Իշխանությունների ապօրինություններից առաջինն այն էր, որ դեպքի վայրում քննչական գործողություններ գրեթե իրականացվեցին և իրեղեն ապացույցները բավական արագ հեռացվեցին այդ վայրից: Քննիչները նշում են, որ սովորական սպանության ժամանակ քննչական գործողությունը տևում է մի քանի ժամ, իսկ Բեսլանի մասշտաբի հանցագործության պարագայում, որտեղ հարյուրավեր զոհեր են եղել, քննչական գործողությունը տևել է ընդամենը 11 ժամ: Ողբերգությունից անմիջապես հետո տեղական ինքնակառավարման մարմինները փորձել են ծնողներին համոզել, որ դպրոցը պետք է քանդվի, քանի որ այն ծանր հուշեր է արթնացնում: Բնականաբար, ծնողները, հասկանալով այդ ամենի ենթատեքստը, կտրուկ դեմ արտահայտվեցին այդ առաջարկներին: Ահաբեկչության նախօրեին դպրոցի շրջակայքում հատվել էին բոլոր ծառերը, որպեսզի պատուհաններից տեսանելիությունը լիարժեք լիներ: Պետք է նշել, որ մի քանի օր առաջ տեղացիները տեսել էին անծանոթ մարդկանց: Գործողությունից հետո կենդանի մնացածները նշում էին, որ ահաբեկիչներն իրենց զենքերի մեծամասնությունը դպրոցի հանդիսությունների սրահում գտնվող բեմահարթակի տակից էին դուրս հանել: Այսինքն, զենքերը նախօրոք պահված են եղել այդտեղ: Հետագայում ծնողները հայց ներկայացրեցին քննչական գործողությունների շրջանակներում, որպեսզի ստուգվի բեմահարթակը, սակայն տարօրինակ հանգամանքներում այն այրվեց: Պետք է նշել, որ ահաբեկչության սկզբում ռուսական լրատվամիջոցները, չգիտես ինչու, խոսում էին 130 պատանդի մասին, այնինչ դպրոցում տոնախմբություն էր և անհնար էր այդքան քիչ մարդ լիներ: Հետագայում նրանց թիվը դարձավ 300-400 և օրվա վերջում նոր մոտեցավ ճշգրիտ թվին:
Ընդդիմադիր «Նովայա Գազետա» թերթի տվյալներով՝ ռուսական հատուկ ծառայությունները և ՖՍԲ-ն կոնկրետ տվյալներ ունեին սպասվող ահաբեկչության մասին: Լրագրող Ելենա Միլաշինան նշում էր, որ ամռանը տեղի ունեցած մի քանի հարձակումներից հետո հատուկ ծառայությունները խիստ ռեժիմով էին աշխատում և նրանց տվյալներ էին հասնում Բեսլանում նախապատրաստվող ահաբեկչության մասին: Մարդկանց մոտ որևէ արդարացում չուներ գրոհի ժամանակ ծանր զինտեխնիկայի կիրառումը, որի արդյունքում ամբողջովին փուլ էր եկել մարզադահլիճի տանիքը՝ իր տակ թաղելով մարդկանց: Այդ մասին խոսվեց «Բեսլանի ճշմարտությունը» գրքում, որտեղ նշվում էր, որ մարզադահլիճում ծանր զինտեխնիկայի կիրառումից հետո փուլ եկած տանիքը հրդեհի բռնկման և բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ: Բեսլանի ահաբեկչության հետազոտման կոմիտեի ղեկավար Իսրայել Տոտոնտին նշում էր, որ զոհերի մի մասը հատուկ ջոկատայինների արձակված գնդակների պատճառով էր եղել: Դրա համար էլ գործողությունից հետո շատերին շատ արագ հողին հանձնեցին, որպեսզի որևէ դատաբժշկական կամ քննչական գործողություն տեղի չունենա: Կան վկայություններ, որ ահաբեկիչների քանակը շատ ավելին է եղել, քան պաշտոնապես հաղորդվում է և նրանցից շատերը պարզապես լքել են տարածքը: Տարածքը լքողներից եղել էր ահաբեկիչ Իզնաուր Կոդձևը, ով դեռ վաղուց ռուսական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում էր: Ահաբեկչությունից ամիսներ հետո նրան սպանեցին Ինգուշեթիայում: Բեսլանի զոհերի ծնողները, տեսնելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են գործը կոծկելու համար, անժամկետ բողոքի ակցիաներ սկսեցին: Պետք է նշել, որ իշխանությունները տարատեսակ միջոցներով փորձում էին սպառնալ ծնողներին, սակայն՝ ապարդյուն:
Հետագայում սկսվեց նրանց պայքարը սևացնելու գործը: Շշուկներ տարածվեցին, որ ծնողների արդարացի բողոքն ուղղորդվում և ֆինանսավորվում է: Ծնողները պահանջում էին օբյեկտիվ հետաքննություն և Ձասոխովի հրաժարականը: 2015թ. մայիսի 17-ին սկսվեց միակ ողջ մնացած ահաբեկիչ Նուրփաշու Կուլաևի դատավարությունը: Փաստաբաններից շատերը համատարած վախի պայմաններում հրաժարվում էին պաշտպանել ծնողների շահերը:
Դատավարության ընթացքում հաստատվեց, որ ՖՍԲ-ն, այնուամենայնիվ, ահաբեկչության մասին տվյալներ է ունեցել: Դատավարության ընթացքում պայթեց ռուսական քարոզչական այն միտքը, որ ահաբեկիչները որևէ կոնտակտի դուրս չէին եկել և որևէ պահանջ չէին ներկայացրել: Ընդհակառակը, ինչպես տեսանք, ահաբեկիչները ոչ միայն պահանջներ էին ներկայացրել, այլև պահանջել էին իրենց հարմար բանակցողներ: Նուրփաշա Կուլաևը նիստում հայտարարեց, որ ահաբեկիչներն առաջարկել էին 4 բարձրաստիճան պաշտոնյաների մուտք և յուրաքանչյուր պաշտոնյայի դիմաց 150 երեխայի ազատ արձակում: Հաստատվեց նաև այն, որ ահաբեկիչները փորձել էին բանակցել, սակայն գործող օպերատիվ շտաբը վերջնարդյունքում հրաժարվել էր բոլոր տեսակի բանակցություններից:
Դատավարության ժամանակ Ձասոխովը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ին օպերատիվ շտաբը ղեկավարել է Անդրեևը: Այնինչ Անդրեևը նրան փոխարինել էր սեպտեմբերի 2-ին: Ծնողների ներկայացուցիչ փաստաբանը նշում է, որ մարդկանց բոլոր կողմերից խաբել էին, քանի որ ահաբեկչության օրը գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել, որտեղ նշվում էր, որ պատանդների քանակը շուրջ 600 է, այնինչ մինչ այդ խոսվում էր ավելի քիչ քանակի մասին: Գրոհի ժամանակ ահաբեկիչները մարդկանց մի մասին տեղափոխեցին ճաշարան: Ամենաթեժ մարտերը տեղի ունեցան ճաշարանի շրջակայքում: Ականատեսների վկայությամբ՝ մարտերի ժամանակ ճաշարանի ուղղությամբ, որտեղ կային 300-ից ավել երեխաներ, կրակում էին տանկերից: Հետագայում սեպտեմբերի 4-ին տարածքը հետազոտելու ժամանակ մարդիկ մարզասրահից և ճաշարանից հայտնաբերեցին նռնականետերից կրակված արկեր: Հարկ է նշել, որ դատավարության ժամանակ հարց հնչեց ծանր զինտեխնիկայի կիրառման թույլատվության մասին, որի ժամանակ գլխավոր դատախազի տեղակալը ջղաձգաբար նշեց, որ հարցն անտեղի է: Այդպիսի իրավիճակներ դատարանում շատ եղան: Դատարանում հերքվեց մեկ այլ միֆ ևս, ըստ որի՝ ներսում պայթյուններ են եղել և ՖՍԲ-ի հատուկ ջոկատայիններն իրավիճակից ելնելով անցել են գրոհի: Բանն այն է, որ այդ պայթյունները եղել են դպրոցի տարածքից դուրս:
Դատավարության ժամանակ հարցաքննված ականազերծողներ Գագոևը և Նաբիևը նշում էին, որ եթե տվյալ պայթուցիկները գործի դրվեին ներսում (քարոզչական շրջանակների հաղորդմամբ դրանք պայթեցվել են ներսում), ապա ամեն ինչ միանգամից կավերվեր: Բացի դա, նրանք այդ պայթյունների տարափի ներքո դուրս են հանել երեխաներին, որոնք այդ պահին բեկորային վնասվածքներ չեն ունեցել: Ամբողջ դատավարությունն ընթացավ այն համատեքստում, որ միակ մեղավորները ահաբեկիչներն են և իշխանությունների բոլոր ուժային գործողությունները արդարացված են եղել: 2005թ. սեպտեմբերի 2-ին Բեսլանի զոհերի ծնողները հանդիպում են Վ. Պուտինի հետ: Պուտինի հետ հանդիպումը ծնողների համար հետաքննության արմատական փոփոխության առումով հույսի նշույլ էր, որը բնականաբար չաշխատեց: Ծնողների բազմաթիվ հարցադրումներ մնացին անպատասխան: Պուտինի հետ հանդիպումից հետո սկսվեցին ճնշումներ դատավորի և ծնողների շահերը ներկայացնող փաստաբանի՝ Թեյմուրազ Բիչաևիչի նկատմամբ: Նրանց սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով:
Բեսլանի ահաբեկչությունն ամենասարսափելի ահաբեկչություններից էր: Այն հարյուրավոր մարդկանց կյանքեր խլեց: Ավելի սարսափելի է այն, որ ռուսական իշխանությունները և հատուկ ծառայություններն ուղղակիորեն կապ են ունեցել վերոգրյալ սարսափելի հանցագործության կազմակերպման հարցում: Այլապես անհասկանալի է նրանց կողմից հետաքննության խոչընդոտումը, փաստերի աղավաղումը և բռնաճնշումները ծնողների և փաստաբանների նկատմամբ: Պետք է նշել, որ տարածաշրջանում ՖՍԲ-ի պետ Օլեգ Գայդենկոն ահաբեկչությունից հետո ոչ միայն չհեռացվեց իր պաշտոնից, այլև տեղափոխվեց Մոսկվա` աշխատելու ՖՍԲ-ի կենտրոնական ապարատում: 2016թ. սեպտմբերի 1-ին Բեսլանի ահաբեկչության 12-րդ տարելիցին սպանվածների շատ ծնողներ իրենց բողոքն արտահայտեցին խայտառակ հետաքննության առթիվ: Նրանցից շատերը բողոքի ակցիային դուրս էին եկել «Պուտին՝ Բեսլանի դահիճ» մակագրությամբ շապիկներով: Բնականաբար, պուտինյան «Փառապանծ ոստիկանությունը» ձերբակալեց մայրերին, «Նովայա Գազետա» թերթի լրագրողներին և այժմ նրանք սպասելու են իրենց քաղաքացիական դատավարությանը:
Դավիթ Ֆիդանյան