Ես չեմ ուզում, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող Մինսկի խումբը լուծարվի, չեմ ուզում, որ Ղարաբաղի հարցը մտնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և արդեն Հայաստանին պարտադրող որոշումներ կայացվեն, չեմ ուզում՝ Եվրամիության, Եվրախորհրդի և բոլոր հեղինակավոր ատյաններից Հայաստանը ագրեսոր ճանաչվի, ու համարժեք պատժամիջոցներ կիրառվեն ու ամենակարևորը՝ ես չեմ ուզում, որ Ադրբեջանը դա օգտագործի առիթ ու պատերազմ սկսի` ունենալով միջազգային հանրության աջակցությունը:
Իսկ վերը նշված սցենարը կլինի, այն ժամանակ, եթե Հայաստանը միակողմանի կերպով ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մինչև հիմա Հայաստանը կարողանում է այս հարցը ազգային ինքնորոշման հարթության վրա ներկայացնել, իսկ միակողմանի ճանաչումից հետո միանշանակ բոլորի կողմից օկուպանտ է ճանաչվելու` համապատասխան հետևանքներով: Այս որոշմամբ մենք Ադրբեջանին այլ տարբերակ չենք թողնելու` պատերազմից բացի: Իսկ պատերազմը մեր օրերում նշանակում է, որ երկու պետություններն էլ հսկայական մարդկային ու նյութական կորուստներ են ունենալու, որոնց վերականգման համար տարիներ են անհրաժեշտ լինելու:
Արտագաղթի վերացում, տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի, թոշակների բարձրացում ու լիքը նման լավ բաներ, որոնք թեկնածուները խոստանում են, նման պատերազմի պայմաններում միանշանակ կարելի է մոռանել:
Որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչման դեպքում չի լինի հենց այնպես, ինչպես նշված է վերևում: Մինչև այս պահը բարձրագոչ, պոպուլիստական կոչերից բացի նման երաշխավորություն ոչ ոք չի տվել: Դա լոտո չի, որ հետո նորից փորձես: Իսկ ես անկանխատեսելի հեռանկար չեմ ուզում, դրա համար ես չեմ ընտրելու ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, հենց միայն դրա համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել