Ընդհանրապես ընկերները տարբեր տեսակի են լինում։ Կյանքում հաճախ այնպես է ստացվում, որ ոչ միայն մենք ենք ընտրում ընկերներին, այլև մեզ են ընտրում։ Իսկ որոշ դեպքերում պարզապես իրավիճակն է ամեն ինչ որոշում։ Օրինակ, մանկության ընկերներին չեն ընտրում, ու հաճախ մարդիկ պահպանում են նրանց հետ հարաբերությունները երկար տարիներ՝ անկախ իրենց միջև հետագայում զանազան հանգամանքների բերումով առաջացած տարբերություններից։ Նման դեպքերում միասին անցկացրած մանկության հիշողություններն այնքան շատ են լինում, որ հաճախ այդքանն էլ բավական է լինում ընկերությունը շարունակելու համար, չնայած հաճախ ակնհայտ է լինում, որ տվյալ մարդիկ իրենց հետաքրքրություններով, հայացքներով ու մտածելակերպով արդեն բավականին հեռացել են միմյանցից:
Ինչ վերաբերում է արդեն քիչ թե շատ հասուն տարիքում ձեռք բերած ընկերներին, ապա վերջիններիս դեպքում շատ բան այլ է։ Քանի՜-քանի՜ ընկեր-ընկերուհիներ ենք ունեցել դպրոցական տարիքում, որոնց հետքն էլ չի մնացել այսօր։ Հաճախ իրարից անբաժան, այսպես ասած՝ «քիփ» ընկերուհիները դպրոցն ավարտելուն պես բառիս բուն իմաստով մոռանում են միմյանց գոյության մասին։ Ինչու՞։ Որովհետև դպրոցն ավարտելուց հետո հանկարծ պարզվում է, որ նրանց կապող միակ բանը դպրոցն էր։ Սա դպրոցական «ընկերության» տիպիկ օրինակ է, որը սակայն, նույն հաջողությամբ կարող է լինել նաև ավելի հասուն տարիքում՝ համապատասխանաբար բուհում կամ աշխատավայրում։ Նման դեպքերում մարդիկ չեն էլ իմանում, թե ինչու են ընկերություն անում այս կամ այն մարդու հետ, պարզապես այդպես է ստացվել, հանգամանքների բերումով։
Իմ ընկերը լինելու համար մարդը պետք է նախևառաջ բարի լինի, ազնիվ ու անշահախնդիր։ Պետք է հնարավորինս շատ ընդհանուր հետաքրքրություններ ունենանք, մարդը պետք է նաև հումորի զգացումից զուրկ չլինի, սահմանափակ չլինի, որպեսզի կարողանամ նրա հետ զրուցել տարբեր թեմաներով: Հետևաբար, կարելի է ասել, ցանկացած հետաքրքիր, բարի ու ազնիվ մարդ իմ պոտենցիալ ընկերն է։ Հոգեբանական մտերմիկ զրույցներն իմ կյանքում զգալի նշանակություն ունեն, ուստի ես չեմ կարող ընկեր համարել այն մարդկանց, որոնց հետ իմ շփումը սահմանափակվում է զուտ գործնական հարաբերություններով։ Դժբախտաբար, մարդիկ հաճախ են նման հարաբերությունները շփոթում ընկերության հետ:
Իսկ ինչ վերաբերում է այն ժամանակին, որն անհրաժեշտ է մարդուն ընկերդ համարելու կամ չհամարելու համար, ապա, կարծում եմ, դա էական չէ։ Երբեմն մարդու հետ ընդամենը մի հանդիպումն էլ բավական է լինում, որ նրան ընկերդ համարես։ Չեմ ասում, թե դա օրինաչափություն է, բայց այդպես էլ է պատահում։
Ընդհանրապես ինձ միշտ գրավում են ոչ ստանդարտ՝ ամբոխից տարբերվող մարդիկ, բայց նրանց միջից ես որպես ընկեր կուզենայի տեսնել նրանց, ովքեր, հետաքրքիր լինելուց բացի, նաև լավ մարդ են:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/meline.yavryan/posts/412540255505052
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել