Որքան էլ որ կարող է զարմալանի թվալ, սակայն գյուղատնտեսության խնդիրներից մեկն է հանդիսանում առատ բերքը: Երբեմն գյուղացին ստանում է սպասվածից ավել բերք և փաստացի կանգնում մթերման ծավալների և վաճառքի սահմանափակման առաջ:
Խնդրի բացառման նպատակով պետությունը մթերումից ամիսներ առաջ քննարկում է տարբեր գործարարների հետ հնարավոր առատ բերքի ամբողջական մթերման հարցը:
Օրերս գործադիր մարմնում կայացավ հերթական խորհրդակցությունը, որին ներկա էին նաև կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ:
Օրակարգում ոչ միայն խաղողի մթերման գործընթացն էր, այլ նաև տնտեսվարողների մի շարք այլ խնդիրներ: Դրանք վերաբերում էին թե տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, թե արտահանման խնդիրներին և թե հարկային և օրենսդրական դաշտի բարելավմանը:
Գործադիր մարմնի ղեկավարը հորդորեց գործարարներին անհարմարություն չպատճառել գյուղացիներին և խաղողի մթերումը կազմակերպել առավելագույն քանակով: Պետությունը իր հերթին նույնպես պատրաստակամ է աջակցելու: