ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Հայաստանյան ներքաղաքական դաշտում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Քաղաքական ուժերը վերադասավորում են իրենց ուժերը, համագործակցություն հաստատում միմյանց հետ՝ պատրաստվելով սեպտեմբերի վճռական պայքարին:

Շատ է խոսվում այն մասին, որ հատկապես Վանաձորի ու Գյումրիի ավագանիների ընտրություններն արտացոլելու են գալիք տարում խորհրդարանական ընտրությունների հավանական պատկերը: Մինչդեռ ընդդիմադիր դաշտում ակտիվ խմորումները կարծես թե լուրջ կոալիցիաների ձևավորման չեն հանգեցնում: Ընդդիմադիր քաղաքական ուժերից շատերը պատրաստվում են հանդես գալ առանձին-առանձին: Համենայն դեպս այս պահին այդպես է թվում:

Եվ եթե այս ընտրություններում ընդդիմադիր ուժերը պարտություն կրեն, դա կլինի ևս մեկ հարված ընդդիմության հեղինակությանը՝ այն էլ 2017-ի վճռական փուլից անմիջապես առաջ: Թվում է՝ «Լուսավոր Հայաստան»-ի դիրքերը Վանաձորում ամուր են, բայց ԲՀԿ-ի մասնակցությամբ ընդդիմադիր ընտրազանգվածը բաժանվում է երկու մասի՝ հեշտացնելով իշխող կուսակցության թեկնածուի գործը:

Նույնը՝ Գյումրիում: ԳԱԼԱ-ն, կարելի է ասել, այնտեղ առաջատար ընդդիմադիր ուժ է, սակայն «Ալյանս»-ի ու ՀՅԴ-ի մասնակցությունը մեծապես նպաստելու է իշխանական թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիրքերի ամրացմանը: Գյումրիի ընտրությունները մի հետաքրքիր կողմ էլ ունեն: Այստեղ հնարավոր է մասնակցի նաև «Համախմբում»-ը, ինչպես նաև ՀԱԿ-ը սատարի ԳԱԼԱ-ին: Այսինքն՝ փաստացի հիմնական ընդդիմադիր դաշտը կարող է մասնակցել ընտրություններին: Եվ եթե իշխանությունը հաղթանակ տանի, դա ցույց կտա ընդդիմության ոչ կենսունակ լինելը նաև միմյանց հետ լեզու գտնելու ու դաշինքներ կազմելու առումով:

Մինչդեռ եթե ընդդիմությանը հաջովի ավելի մեծ կոալիցիաներ ձևավորել, դա արդեն ընդդիմադիր ուժերի հաղթանակի գրավական կարող է դառնալ: Այսինքն՝ երկու դեպքում էլ Գյումրիի ընտրությունները թույլ են տալու որոշակի պատկերացում կազմել 2017-ի համապետական ընտրությունների արդյունքների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել