Ինտելեկտուա՞լ, թե՞ ինտերակտիվ նախագահ.
նախընտրական խորհրդածություններ...
---

Համաշխարհային գործընթացները, պատմությունը հաճախ ուշարժան իրողություններ, փաստեր են գոյավորում, որոնք կապված են մարդկային փոխհարաբերությունների, հասարակությունների, պետությունների զարգացմանը: Հատկապես փոքրաթիվ, տարատեսակ ճգնաժամեր և տարապիսի ռիսկեր հաղթահարող ժողովուրդների համար ընտրական գործընթացները կարևորվում են անհատական տեսակետից, այն է՝ մասնագիտական ու մարդկային ինչ հատկություններով է օժտված տվյալ երկրի առաջնորդը կամ ներզոր՝ հավանական լիդերը: Եվ այս խորհրդածությունների և խմորումների մեջ բնական հարց է առաջանում. օրինակ, ինչպիսի՞ նախագահ կամ պետության ղեկավար է հարկավոր, բացի օրենքով ամրագրված պահանջակետերից ու այլ՝ ողջամիտ հանձնառություններից: Մի քանի օրից Անկախության 25-րդ տարեդարձը տոնող Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր երեք նախագահները, ինչ խոսք, ունեցել են ուրույն գործելաոճ, ինչը պայմանավորված է եղել նրանց մարդկային ու մասնագիտական առանձնահատկությամբ, կենսափորձով, քաղաքական ուղեգծով և այլ ինքնահատուկ գործոններով:

Ինտելեկտուալ, թե՞ ինտերակտիվ նախագահ / ՀՀ առաջին նախագահի՝ ԼՏՊ-ի պարագային այս երկու թվումներից առաջինն է հատկորոշ իրեն: Երկրորդ նախագահի դեպքում ինտերակտիվության գործոնն ավելի գերիշխող է եղել, թեպետ ի հակադարձումն իրավանախորդի հումորային կսմիթին, թե գոնե հայերեն գիտե՞ս, Ռ.Քոչարյանը պատեհ առիթով հայտարարում էր իր գրքասիրության մասին, իսկ երբեմն նաև՝ ցուցադրում իր էրուդիցիան: Ինչ վերաբերում է ՀՀ գործող նախագահին, ապա Ս.Սարգյանին ևս կարելի է ինտելեկտուալ համարել գոնե նրա բանասիրական կրթության առումով, ինչպես նաև հրապարակային տեքստերից դատելով, որոնք ավելի շատ մասնագիտական / իմա՝ բանասիրական, հրապարակախոսական/, քան քաղաքական տեքստեր են / չնչին բացառություններով/: Մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրները, միջազգային մեկուսացումն ու այլ խնդրահարույց գործոնները, ոչ մի կերպ չեմ կարող գործող նախագահին որակել ինտերակտիվ գործիչ:

Առհասարակ, աշխարհում միտում կա ոչ թե ինտելեկտուալների, այլ հենց ինտերակտիվ գործիչների միջոցով հասնել համակարգային, հանրային ու պետական համակարգերի զարգացմանը: Հեռուն չգնանք, հենց մեր տարածաշրջանում ևս ինտերակտիվ, կամ այլ բառով ասած՝ պրակտիկ առաջնորդներ են՝ ՌԴ, Իրան, Վրաստան, Թուրքիա, ինչու չէ՝ Ադրբեջան: Ամենևին պետք չէ և երեխայամիտ զբաղմունք է թերագնահատելը նույնիսկ սուլթանական ալիևավարչակազմին: Սույն իշխանախումբը հաջողում է սադրել Հայաստանին և Ադրբեջանին, սիրախաղի մեջ մտնել ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և մյուսների հետ, ավելին՝ թեկուզ արտաքին շրջանառության համար տիրաժավորել ԼՂ տարածքների հանձնման վարկած-պահանջը, բայց մնալ ռեգիոնալ խաղացողի դերում / կամ դիրքում/, հյուրընկալել տարատեսակ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ֆորումներ, համաշխարհային այլ խոշոր միջոցառումներ և այլն: Եվ ոչ մեկի չի հուզում, թե որտեղ և ինչ կրթություն է ստացել կրտսեր Ալիևը....

Առջևում ընտրություններ են, որոնք աննախադեպ են երկրի կառավարման համակարգի փոփոխման, նոր Սահմանադրության պայմաններում: Ըստ իս, Հայաստանի համար անհրաժեշտ է ոչ թե երկընտրանք, այլ երկուսը՝ մեկում, այսինքն՝ ինտելեկտուալ ու ինտերակտիվ գործիչ, ղեկավար միաժամանակ: Թեկնածուներն այնքան էլ շատ չեն, եթե չասեմ մի ձեռքի մատենահաշիվ են: Անունները ևս մոտավորապես հայտնի են: Այնպես որ, հասուն ու ծանրակշիռ նժարումներ արեք. սիրելի ընտրողներ, ՀՀ քաղաքացիներ, որպեսզի վաղը անհաջողությունների, անդառնալի կորուստների համար չմեղադրեք ինքներդ ձեզ...

---
17 Օգոստոս, 2016
Ա.Ա.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել