Շուրջ 15 օր հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ՊՊԾ գնդի գրավման շուրջ ընթացող զարգացումներն ի վերջո ավարտվեցին՝ շատերի համար թողնելով անհասկանալի հանգուցալուծումներ:
Երեկ որոշ հարցերի պատասխաններ փորձեց տալ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, ով զինյալների ու իշխանությունների միջև բանակցություններում առանցքային դերակատարում էր ստանձնել: Այս օրերի առավել շատ շոշափվող հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք նախագահ Ս. Սարգսյանը խոստացել է Ժ. Սեֆիլյանին հանդիպել նրա հետ:
Փաստորեն, գեներալի խոսքով այդ առաջարկը նախագահի կողմից արված է եղել բանակցությունների սկզբում: Հանդիպումը հնարավոր է եղել այն պարագայում, եթե Ժ. Սեֆիլյանը անմիջապես հորդորի կամ հրամայի զինյալներին հանձնվել, ինչը տեղի չի ունեցել:
«Հանրապետության նախագահը նաեւ հետեւյալ առաջարկությունն է արել՝ եթե Ժիրայր Սեֆիլյանը այս պահի դրությամբ կարողանա հրահանգավորի, հորդորի կամ հրամայի, որ զինված խումբը զենքերը վայր դնի, ես պատրաստ եմ ընդունել Ժիրայր Սեֆիլյանին: Այնուհետեւ, ժիրայր Սեֆիլյանն իր խոստումները չի կատարել: Դրանից հետո այդպիսի խոսակցություն չի եղել, թե Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել՝ պատրաստ եմ հանդիպել, ու դրժել է իր խոստումը: Ի լուր աշխարհի եմ ասում, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել»,- news.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Վ. Բալասանյանը:
Այստեղ արդեն հասկանալի է, որ Ժ. Սեֆիլյանն անմիջապես չի ցանկացել միջամտել, որպեսզի զինյալները հանձնվեն: Ամենայն հավանականությամբ նա այլ դիվիդենտներ է ակնկալել, ինչը, ավելի ուշ, այդպես էլ չի ստացել որից հետո տեղի է ունեցել իրավիճակային փոփոխություն ու զինյալները ստիպված են եղել հանձնվել:
Այս իրողությունը ՀԽ-ի անդամները փորձում են այլ կերպ ներկայացնել: Հանձնվելուց օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման խոստումը կցվում է իրավիճակային փոփոխությունից հետո տեղի ունեցած իրադարձություններին: Բայց ժամանակագրական ու փաստական պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ դա զուտ քարոզչական հնարք է ու այստեղ խնդիրը նախագահի խոստումը կատարել-չկատարելը չէ, այլ իրականում այդպիսի խոստման բացակայությունը: