Վարշավայում նախագահական պալատի մոտ անցկացվել է բողոքի ցույց՝ ընդդեմ Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդայի: Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 800 մարդ՝ հայտնում է interia.pl պորտալը:
Ցույցի մասնակիցների կարծիքով՝ նախագահը, ով այդ պաշտոնն ստանձնել է մեկ տարի առաջ, չի կատարել նախընտրական արշավի ընթացքում հայտարարած խոստումները և «չի պաշտպանում բոլոր լեհերի շահերը»: Ցույցը կազմակերպվել է Ժողովրդավարության պաշտպանության կոմիտեի կողմնակիցների կողմից:
«Ես չեմ ուզում, որ երբ մեզ մոտ գան ԱՄՆ նախագահը կամ Եվրահանձնաժողովը, մենք պարզապես ամաչենք այդ մարդկանց արածից, ովքեր ասում են, որ մեծամասնություն են այս պետությունում»,- ասել է կոմիտեի ներկայացուցիչ Յարոսլավ Մարչինյակը:
Բացի Վարշավայից՝ բողոքի նման ակցիաներ են տեղի ունեցել նաև Կրակովում և Վրոցլավում:



