Lurer.com-ը գրում է.

Անգլիայի Բրայթոն առողջարանում օգոստոսի 4-ին հանրային այցելության համար բացվել է շարժական դիտահարթակ ունեցող աշխարհի ամենաբարձր աշտարակը՝ British Airways i360-ը: Առաջին զբոսաշրջիկները բարձրացել են թափանցիկ ապակուց պատրաստված շարժական դիտահարթակի տեսածիր, որը փաստորեն իրենից ներկայացնում է թռչող ափսեի նմանվող վերելակ, որն ուղղահայաց շարժվում է հսկայական առանցքային սյունով:

Այդ առանցքի բարձրությունը 161 մետր է, իսկ լայնությունը՝ ընդամենը 4 մետր: Այսպիսով, նրա հաստության և բարձրության հարաբերակցությունը կազմում է 1:40, ինչը համաշխարհային ռեկորդ է:

Ամենաբարձր կետից, ուր զբոսաշրջիկներին հասցնում է հարթակը, տեսարան է բացվում դեպի Լա Մանշ և Արևելյան ու Արևմտյան Սասեքսի կոմսությունների առափնյա 42-կիլոմետրանոց տեղամաս: Վերևից նաև կարելի է տեսնել Ուայթ կղզու հեռավոր ուրվապատկերները, իսկ ահա Լա-Մանշի ֆրանսիական ափը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, այնտեղից չի երևում. Բրայթոնի դիմաց նեղուցն արդեն շատ լայն է, ի տարբերություն Պա դե Քալեի ափերին գտնվող Դուվրի և Ֆոլքսթոնի շրջանների:

Ատրակցիոնի ստեղծողը Marks Barfield Architects ճարտարապետական արհեստանոցն է, որը ղեկավարվում է Դևիդ Մարկս և Ջուլի Բարֆիլդ ամուսինների՝ ամբողջ աշխարհում հայտնի London Eye դիտանիվի նախագծի հեղինակների կողմից, որը գտնվում է Թեմզայի ափին:

British Airways i360-ի տոմսի արժեքը 15 ֆունտ ստեռլինգ (գրեթե 20 դոլար) է չափահասների համար, 12,5 ֆունտ (16 դոլարից ավելի)՝ տարեց մարդկանց և ուսանողների համար, և 7,5 ֆունտ (շուրջ 10 դոլար)՝ 4 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար:Իսկ ավելի փոքրերն ատրակցիոնից անվճար են օգտվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել