Երեկ հեռվից հետևողի հայացքով իր հերթական հայտարարությունն է տարածել «Համախմբում» կուսակցությունը: Ինչպես ընդդիմադիր կուսակցություններից շատերը, «Համախմբում»-ը ևս իր մտահոգությունն է հայտնել Սասնա ծռեր խմբի գործողությունների ստացած հակազդեցության կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. ««Համախմբում» կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում հուլիսի 17–31–ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների արդյունքում տեղի ունեցած բռնաճնշումների կապակցությամբ»։

Հարցը հետևյալն է. Ի՞նչ եք արել դուք՝ իրավիճակի լարում թույլ չտալու համար: Պարզ բան է, որ հայտարարություններն իրական գործընթացներում փոփոխություն մտցնել չեն կարող: Անհրաժեշտ են գործնական քայլեր: Գործնական քայլը այդ պարագայում մեկն էր եղել, երբ մի քանի առանցքային ներկայացուցիչներ այցելեցին խորենացի փողոց, սակայն կարծես թե լավ ընդունելության չարժանացան հավաքվածների կողմից ու քիչ անց հեռացան: Դրանից հետո Օսկանյանի գլխավորած քաղաքական ուժի անդամները միայն բավարարվում են լուռ հետևելով ու ժամանակ առ ժամանակ կարծիքներ հայտնելով: Արդյունքում՝ ո՞ւմ է պետք թղթի վրայի ձեր մտահոգությունը:

Ապա հայտարարության մեջ ասվում է. «Խաղաղ երթերին ու ցույցերին մասնակցած և անհիմն մեղադրանքներով ձերբակալված Ալեք Ենիգոմշյանին, Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Եղիշե Պետրոսյանին և մյուսներին մենք համարում ենք քաղբանտարկյալներ ու պահանջում նրանց ազատ արձակումը»։

Հետաքրքիր է մարտի 1-ին ձերբակալվածների մասին պարոն Օսկանյանն ինչ կարծիք ունի: Նրանք քաղբանտարկյալներ չէի՞ն: Ի՞նչն էր տարբերությունը: Երկու դեպքում էլ տեղի էին ունենում ակցիաներ, որոնք ավարտվեցին բախումներով ու ձերբակալություններով: Եղան տուժածներ, ոստիկանական բռնություններ և այլն: Բայց մարտի 1-ից հետո մենք, ըստ պարոն Օսկանյանի, քաղբանտարկյալներ չունեինք: Իսկ հիմա ակցիայի ձերբակալված առաջնորդները Օսկանյանի համար քաղբանտարկյալներ են: Երկակի ստանդարտներ եք կիրառում, պարոն Օսկանյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել