www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Ընտանեկան երջանկությունը այն է, ինչի մասին մեզանից շատերն են երազում: Եվ ինչպե՞ս պահպանել ընտանեկան հարաբերությունները, իսկ ավելի ճիշտ՝ խաղաղությունը ընտանիքում: Սովորեք վայելել միասին անցկացրած յուրաքանչյուր պահը: Նկատեք, հիշեք և գնահատեք միայն այն լավն ու բարին, որը Ձեզ համար անում է Ձեր կեսը և հակառակը... Ու ամենակարևորը՝ մի մոռացեք մի մանրուքի մասին: Ի՞նչ նկատի ունեմ: Կարդացեք այս առակը և կհասկանաք...
Մի փոքրիկ քաղաքում իրար հարևանությամբ ապրում էին երկու ընտանիք: Ընտանիքներից մեկում անդադար վեճ ու կռիվ էր, շարունակ իրար էին մեղադրում և պարզաբանում էին, թե ով է ճիշտ, իսկ մյուս ընտանիքը խաղաղ էր ապրում՝ երբեք չէին վիճում:
Զարմանում է կամակոր կինը իր հարևանների երջանկության վրա: Ասում է նա իր ամուսնուն.
– Գնա ու տես, թե ինչ են դրանք անում, որ ամեն ինչ իրենց մոտ այդքան խաղաղ ու հարթ է գնում:
Գնաց ամուսինը դեպի հարևանի տուն, թաքնվեց բաց պատուհանի տակ և սկսեց ուշադիր հետևել: Իսկ տանտիրուհին այդ ժամանակ հենց տունն էր կարգի բերում: Մի շատ թանկ ծաղկաման ձեռքին՝ փոշին էր մաքրում: Մեկ էլ հանկարծ հեռախոսը զանգեց: Կինը անուշադրությամբ ծաղկամանը դրեց սեղանի ծայրին, այնպես, կարծես հիմա կընկնի ու վազեց հեռախոսի մոտ:
Հենց այդ պահին էլ ամուսնուն սենյակից ինչ-որ բան պետք եկավ: Անզգուշորեն կպավ նա ծաղկամանին, ինչն էլ վայր ընկավ ու կոտրվեց:
«Վայ, ի՞նչ կլինի հիմա», – մտածեց թաքնված հարևանը:
Մոտեցավ կինը, ափսոսանքով հոգոց քաշեց ու ասաց ամուսնուն.
– Ներիր ինձ, սիրելիս: Ես եմ մեղավորը: Ծաղկամանը ճիշտ տեղում չէի դրել:
– Ի՞նչ ես ասում, թանկագինս: Այդ ես եմ մեղավոր: Շտապում էի և չնկատեցի ծաղկամանը: Թող ավելի մեծ դժբախտություն չունենանք:
...Շատ նեղվեց թաքնված հարևանը: Տուն եկավ նա անտրամադիր: Կինը նրան՝
– Ինչո՞ւ այսքան ուշացար: Մի բան իմացա՞ր:
– Այո:
– Եվ ի՞նչ են նրանք անում:
– Նրանց տանը բոլորը մեղավոր են: Իսկ այ մեր տանը՝ բոլորը ճիշտ:
Ռաֆալ Օլբինսկի «Քաղաքավարի մտադրությունների անմեղությունը»