Սրանում մեղավոր են թե՛ իշխանությունները, թե՛ Սասնա Ծռերը։ Այդ նրանք են ստեղծել ու շիկացնում այս անմարդկային ատելության մթնոլորտը, այդ նրանք հասել եղբայրասպան դիլեմայի շեմին ու մեզ էլ իրենց հետ են քաշում։ Բայց ես չեմ ուզում, մենք չենք ուզում։ Սակայն ո՞վ է մեր կարծիքը հարցնում։
Իշխանությունների ու իշխանականների դիրքորոշումը պարզ է․ նրանք ահաբեկիչ են, նրանք մարդ են սպանել, նրանց պատանդներ են վերցրել ու նրանք հեղաշրջում են ուզում։ Եթե դու սատարում ես նրանց, դու ահաբեկիչների ես սատարում ու դուրս ես գալիս ոչ թե մեր, այլ պետականության դեմ։
Սասնա Ծռերի ճամբարի դիրքորոշումն էլ հստակ է․ նրանք պատերազմի մեծանուն հերոսներ են, նրանք հուսալքությունից են գնացել այս քայլին, իշխանությունները 25 տարի շարունակ ապացուցել են, որ բացի ուժից, այլ լեզու չեն հասկանում։ Եթե դու մեր հետ չես, ապա դու մեր դեմ ես։
Մինչդեռ, քանի՞սն են իշխանության ու իշխանականների ներկայացուցիչ։ Հազա՞ր, տասը հազա՞ր, հիսո՞ւն հազար։ Հնարավոր է։ Իսկ ինչքա՞ն է Սասնա Ծռերի կողմնակիցների քանակը։ Հազա՞ր, տասը հազա՞ր, հիսո՞ւն հազար։ Ամենայն հավանականությամբ։ Բա այդ դեպքում ո՞ւր են մնացած 2,9 միլիոն հայերը։ Նրանք ոչ խորենացու վրա են, ոչ էլ այլ փողոցում են պահանջում, որ Խորենացու վրա մարդ չլինի։ Նրանք ահաբեկված ու տագնապած այս ամենից, զարհուրում են եղբայրասպանության հեռանկարից ու սպասվող ցնցումներից։ Նրանք խուսափում են բարձրաձայնել իրենց խոհերը ու մտորումները, որովհետև թեև դրանք արտացոլում են մեծամասնության ԻՐԱԿԱՆ դիրքորոշումը այս հարցի շուրջ, բայց արձագանքում է այդ դիրքորոշումներին միայն ագրեսիվ փոքրամասնությունը։ Իսկ մեծամասնությունը լռում է ու չի սատարում։ Լավագույն դեպքում մի լայք է տալիս քեզ ու քաշվում իր անկյունը։
Իսկ իրականությունը հետևյալն է․ դուք՝ փոքրամասնություններդ, հասցրեցիք բանը եղբայրասպանության, դուք՝ փոքրամասնություններդ, մոռացաք, որ մենք ունենք իսկական թշնամի ու այդ թշնամին դրսում է՝ արևելքում և արևմուտքում, դուք՝ փոքրամասնություններդ, կոտրեցիք ու փշուր-փշուր արեցիք այն սակավաթիվ բաները, որ մեր երկրում դեռ չէինք անում, իսկ որ ամենավատն է՝ թշնամություն սերմանեցիք ու առատորեն ջրեցիք այն։
Ու դուք շարունակում եք սա՝ չցանկանալով սթափվելու ու հետևություններ անել։ Դուք՝ երկու բևեռներդ էլ խութերի վրա եք տանում այն նավը, որտեղ ոչ միայն դուք երկուսդ եք, այլև մենք՝ անտեսված մեծամասնության ներկայացուցիչներս։ Ու մենք ոչինչ չենք կարողանում անել, որպեսզի ողջամտության ձայնը հասցնենք երկուսիդ։ Ու դուք կկործանեք մեզ բոլորիս, եթե մի պահ կանգ չառնեք ու չանսաք մեր՝ անտեսված մեծամասնության ձայնին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել