Եթե <<Սասնա ծռերը>> ձեռնարկել են այնպիսի գործողություն, որի նպատակը ներկա իշխանությունների հրաժարականն է, ապա նրանք պետք է նաև գործողությունների հստակ պլաններ մշակեին նաև այն դեպքի համար, երբ հարկ կլիներ ոտքի կանգնած ժողովրդին ղեկավարել, որ ամեն մի պատեհապաշտ անհատ կամ իշխանությունների կողմից ստեղծված կուսակցություն չգրավեր հարթակը, զբաղվեր ինքնագովազդով, ստվերում թողնելով <<Սասնա ծռերին>>․․․ Իշխանությունների հրաժարականը ինքնանպատակ չէ։ Նրանք պետք է փոխարինվեն գոնե համեմատաբար անկաշառ ու հայրենանվեր մարդկանցով, բայց այսօր արդեն իսկ տեսանելի է, որ ցանկացած ընտրության դեպքում իշխանությունները նույն օլիգարխների միջոցով ու միլիոներով կրկին վերարտադրվելու են, որովհետև <<Սասնա ծռերը>> նախաձեռներով շարժումը, կարծես թե շատ պարզունակ են պատկերացրել ամեն ինչ՝ այսինքն՝ իշխանությունները հրաժարական են տալու, ժողովուրդն էլ սկուտեղի վրա նրանց մատուցելու է իշխանությունը և նրանք հանգիստ խղճով կերտելու են նոր Հայաստան․․․ Նման բան անողը պետք է նաև քաղաքական թև ունենար, որի անդամները իրենց ղեկավարի բացակայության դեպքում ի վիճակի լինեին <<զբաղեցնել>> և առաջնորդել ոտքի կանգնած ժողովրդին՝ հավատարիմ իրենց ղեկավարին և իրենց գաղափարներին․․․ Այսօր արդեն իշխանության հոտն առած հազարավոր սոված գայլեր շտապում են դեպի իշխանական գահը․ հարթակում կանգնածների հայացքները միայն մի բան են ասում՝ իշխանություն և միայն իշխանություն։ Այսօր միայն Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները և հասարակ ժողովրդի ծոցից ելած քաղաքացիները բարոյական իրավունք ունեն խոսել հարթակից և պահանջել պահի ամենագլխավորը՝ անմիջապես ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, որպեսզի նա ստանձնի այն, ինչը սկսել են ինքը և իր կողմնակիցները, որպեսզի իշխանությունների հետ կապված ամեն մի կարիերիստ, որն ըստ էության թքած ունի և պետության, և հայրենիքի վրա, չկարողանա օգտագործել քաղաքական <<հարթակը>> իր անձնական նպատակների համար․․․ Իսկ Ղարաբաղի հարցը բացարձակ ոչ մի կապ չունի այս ամենի հետ։ Այն վաղուց է լուծվել։ Պարզապե ամեն մի լուրջ պետության նման Հայկական պետությունը պետք է ի զորու լինի պաշտպանել իր սահմանները։ Անկախ ամեն ինչից, իշխանությունները պետք է փոխվեն։ Որքան շուտ, այնքան լավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել