Panorama.am-ը գրում է.

Այս տարվա հունիսից Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ. կոնվենցիայի անդամ: Շատ լուրջ ձեռքբերում է,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Ըստ նրա, կարևոր է, որ Հայաստանը դարձել է Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ, քանի որ կոմիտեն ընդունում և հաստատում է տարբեր երկրների հայտերը ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ: Փոխնախարարն ասաց, որ Հայաստանը, լինելով կոմիտեի անդամ,  ունենում է բավականին լուրջ իրավասություններ, քվեարկելու իրավունք:

Ա.Հովակիմյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար  ներկայացրել է քոչարի ավանդական խմբապարը, լրամշակված տարբերակով քննարկվելու է 2017 թ. շրջափուլի ընթացքում:

Ասուլիսին ներկա Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ) ևս:  Նա նշեց, որ ընդունումից հետո շատ երկրներ տարբեր նախաձեռնություններով են հանդես եկել՝ կազմակերպել  մեծանուն նկարչի հոբելյանին նվիրված միջոցառումներ:

«Բնականաբար, Հայաստանը որպես նախաձեռնող, նույնպես իր ծրագրերն ունի, որոնք իրագործվելու են 2017-ին: Համատեղ ծրագրեր ունենք նաև Ռուսաստանի հետ, ներկայումս քննարկվում է Լեհաստանի հետ համատեղ ծրագիրը»,- տեղեկացրեց մշակույթի փոխնախարարը:

Խոսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ընդգրկելու հայտերի մասին, նա ասաց, որ այժմ քննարկում են այլ երկրների հետ համատեղ հայտեր կազմելու հնարավորությունը. «Այս ուղղությունը վերջին շրջանում նոր թափ է ստանում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մեծ հետաքրքրություն կա համատեղ հայտերի վերաբերյալ: Համատեղ հայտերի տարբերակներ ենք քննարկում Իրանի, Վրաստանի, նաև Հունաստանի, Կիպրոսի հետ»:

Փոխնարարարը խոսեց նաև Թուրքիայի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի կողմից ներկայացված հնգակողմ հայտի մասին, որը վեաբերում է տափակ հացին:

«Ենթադրելի է, որ նախաձեռնել է այդ հայտի ներկայացումը Ադրբեջանը»,- ասաց Ն. Տեր-Վարդանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել