Panarmenian.net-ը գրում է.

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի սենատում կքննարկվի սեպտեմբերին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին Ֆրանսիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը սահմանում է պատիժ՝ 1 տարի ազատազրկում և 45000 եվրո տուգանք:

Օրինագիծը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 2-ին հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը, և այն կստանա օրենքի ուժ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան որին փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության և քաղաքացիության օրենքի մեջ՝ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը և, համապատասխանաբար, նաև՝ Հայոց ցեղասպանության ժխտումը», - ասել է Նալբանդյանը:

Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել