hg

   Այսօր առավոտյան մեզնից հեռացավ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը

   Գրիգորյանը 60-ականների բանաստեղծական փայլուն սերնդի ամենաակնառու ներկայացուցիչներից է: Սերունդ, որ իրապես փոխեց հայ բանաստեղծության ընթացքը: Իր «Աշուն» աղմկահարույց բանաստեղծությամբ, այնուհետև 10-ից ավելի բանաստեղծական ժողովածուներով Գրիգորյանը հայ բազմադարյան պոեզիան բարձրացրեց բոլորովին նոր մակարդակի` սահմանելով բարձր նշաձող ու մեծ ազդեցություն թողնելով հետագայում ասպարեզ մտած գրեթե բոլոր բանաստեղծական սերունդների վրա: Նրա ստեղծագործությունը հայ գրականության այն բացառիկ մասնավորություններից է, որ բարձր է պահում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր գրականության հարգը նաև համաշխարհային գրականության անդաստանում: Պատահական չէ, որ նրա գրքերը թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

   Գրիգորյանը նաև բացառիկ ներդրում ունի համաշխարհային գրականության լավագույն արժեքները հայերեն թարգմանելու գործում, այն էլ` իսպաներենից:

   2012-ին նա արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

   Հովհաննես Գրիգորյանը բացառիկ մշակութային երևույթ է, անհատականություն, որ մշտապես ունեցել է քաղաքացիական բարձր գիտակցություն և մեծապես նպաստել հայոց պետականության զարգացման ու կայացման գործընթացին: 

   Աներկբա է, որ նա իր պատվավոր տեղը պետք է ունենա հայ գրականության, արվեստի ու մշակույթի մեծ դեմքերի կողքին` Կոմիտասի անվան պանթեոնում:

 Մենք` երիտասարդ գրողներս, գրականագետներս, խնդրում ենք ընդառաջել մեզ և համապատասխան կարգադրություն տալ, որպեսզի Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան պանթեոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել