Ինչպես հայտնի է, Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Սամբել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանում է Խոսրով Հարությունյանի գլխավորած ու արդեն շուտվանից քաղաքական դիակի վերածված Հայաստանի Քրիստոենյա-դեմոկրատական միությունը: Դա արդեն զվարճալի է:
Բայց այն, որ այսօր ամենայն լրջությամբ Ս. Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու մասին է հայտարարել Հայկ Բաբուխանյանի գլխավորած ու ևս մեկ քաղաքական դիակ համարվող Սահմանադրական Իրավունք Միությունը, դա արդեն ցնցող էր: ՍԻՄ-ի մամլո հաղորդագրության մեջ նշվում է. «ՍԻՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Գագիկ Նիկողոսյանը ներկայացրեց կուսակցության մարզային կառույցի դիրքորոշումը, ըստ որի ՍԻՄ Շիրակի մարզային կառույցը ողջունում է Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածության շուրջ դաշինքի ձեւավորումը»:
Փաստորեն, այս կուսակցությունը ոչ միայն դեռ գոյություն ունի, այլև կա ՍԻՄ Շիրակի մարզային կառույց, որը դարավոր լռությունից հետո հանդես է եկել մի տարօրինակ ճակատագրի տեր թեկնածուի առաջադրումը ողջունելու խոսքով: