Նորից չկարողացա իմ մեջ խեղդել բղավոցս ու քաղաքականությունը կրկին դարձավ իմ բլոգի նյութ: Խոսքս վերաբերվում է հայտնի քաղաքական գործիչ, ԱԺ «ակտիվիստ» (այս բառը լիովին արտահայտում է նրա գործունեությունը և միևնույն ժամանակ բավականին գնահատելի է) Վիկտոր Դալլաքյանի արած հայտարարությանը` «Բազմացե´ք, կովե´ր. կյանքը կարճ է» հայտնի մարկեսյան արտահայտությանը: Թեպետ բառերն ինքնի խոսուն են և շատ իմաստալից, սակայն եթե միայն կովերին վերաբերվեին, այլ ոչ թե նկատի ունենային մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի բնույթից ելնելով ստիպված են հայտնվել հարցնողի  դերում կամ իրենց տալ հստակ պատճառահետևանքային հարց: Նախ ինձ համար անակնկալ էր Վիկտոր Դալլաքյանի ՀՀԿ համամասնական ցուցակում նման դիրքում հայտնվելու փաստը, սակայն կանխատեսելի էր, հատկապես, եթե փորձենք դիտարկել Վիկտոր Դալլաքյանի անցած քաղաքական ուղին վերջին նախագահական ընտրություններից հետո: Մեծ հարգանք ցուցաբերելով նրա անձի հանդեպ` ստիպված պետք է լինեմ ասել, որ ես, որպես ՀՀ քաղաքացի բավականին վիրավորված եմ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունից, քանզի ես ինքս ինձ ևս տվեցի գրեթե նմանատիպ հարց (երբ կարդում էի ՀՀԿ համամասնական ցուցակը), ինչ լրագրողները հարցրել են պարոն Դալլաքյանին, և ստացվում է, որ նման վիրավորական արտահայտությունը և վիրավորանքը ուղղվում է բոլոր նրանց, ովքեր թեկուզ մի պահ իրենց հարց են տվել. Դալլաքյա՜նը անկախ պատգամավոր, բայց ՀՀԿ համամամասնականո՞ւմ:

Հարգելի պարոն Դալլաքյան, յուրաքանչյուր քաղաքացի ունի իր սեփական կարծիքը և դիրքորոշումը արտահայտելու իրավունք: Սակայն եթե քաղաքական գործիչը կատարում է նման հայտարարություն, որը հնչում է ստորև ներկայացված տեսանյությում, իսկ հետո մոռանում, որ նման հայտարարությամբ փորձել է շահել ընտրողների ձայները և միանում այն հենց այն մարդու կուսակցությանը, ում մեղմ ասած վատաբանում է, ես բնորոշում եմ միայան մեկ բառով` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, այս բառի տակ հասկանալով այն ամենը, ինչ բնորոշվում է ամենաբացասական ու վատ կողմերով:

Ստացվում է այսպես, որ մարկեսյան հայտնի ասույթի հերոսներից է նաև նա, ով գիտակցում է, որ ժամանակը կարճ և պետք է «բազմանալ» ամեն գնով: Սակայն նման գործիչներին պետք է հիշեցնել, հենց այդ կարճ ժամանակի գիտակցումով առաջնորդվելիս մի մոռացեք, որ մարդիկ երկարատև հիշողությամբ են օժշտված նաև, ու հաճախ ավելի երկար ժամանակ է պետք մոռանալու համար այն, ինչ կարծում եք որ մոռացվել է:

Ամեն դեպքում, կարծում եմ պարոն Դալլաքյանը ՀՀԿ համամասնականով ԱԺ պատգամավոր դառնալուց հետո նույն կերպ կշարունակի ակտիվ կերպով օրինագծերի մշակմամբ ու առաջարկություններով հանդես գալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել