Երեկվա ԱԺ նիստից հետո հասարակությունը փորձում է ուշքի գալ. կատարվածը ընկալելու, վերլուծելու և մարսելու համար երկար ժամանակ է հարկավոր: Երկրի թիվ մեկ ամբիոնը, որտեղ սովորաբար քննարկվում են օրենսդրական նախաձեռնություններ ու մի շարք այլ կարևոր հարցեր, վերածվել էր կրկեսի:

Ամեն ինչ սկսվեց Նիկոլ Փաշինյանի ելույթից: Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորը հանդես եկավ ելույթով (սա իր հասցեին նախկինում հնչեցված քննադատությունների ու մեղադրանքների պատասխանն էր) ու անդրադարձավ ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցություններին: Արդյունքում վեճ սկսեց Նիկոլի Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի և Նաիրա Զոհրաբյանի մասնակցությամբ: Փաշինյանի ելույթի ժամանակ ԱԺ դահլիճը թնդում էր վիրավորական ու հայհոյախառն արտահայտություններով. «շիշը գլխիդ կտամ, այ համբալ», «այ լոպա՛զ, սուս մնա՛», «թուլցե՛ք, թուլցե՛ք», «դուք լկտիաբար ստում եք» և այլն: Վիրավորանքներից հետո հերթը հասավ գողական «բազառներին», երբ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքներին, Բիշարյանը դահլիճից դուրս հրավիրեց Նիկոլին՝ ասելով. «Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի»:

Հասկանալի և բնական է, որ տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ կարող են ունենալ այլակարծություններ, տարաձայնություններ, ինչու չէ՝ նաև ներանձնային խնդիրներ: Բայց որևէ մեկն իրավունք չունի ԱԺ-ն վերածել փողոցի: «Շիշը գլխիդ կտամ, այ համբալ» արտահայտությունն անող կին պատգամավորը, որն ընտրվել է ժողովրդի որոշակի հատվածի կողմից և պարտավոր է խորհրդարանում բարձրաձայնել նրանց հուզող խնդիրները, զբաղված է տղայական ռաբոռկաներով: Փաշինյան Նիկոլն էլ իր հերթին նախընտրում է տարբեր հումորային հաղորդումներ ու կարգին սկեչեր դիտել, դրանց վերաբերյալ գրառումներ անելու ու զվարճացնել իրեն ունկընդրողնորին:

Ու այդքանից հետո «ընդդիմադիր» քաղաքական ուժերն ու գործիչները դեռ ցանկանում են, որ ժողովուրդը վստահի ու հետևի՞ իրենց: Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի մոդեռնիզացված տարբերակը երեկ ԱԺ-ում տեսնելուց հետո՝ ոմանք հավանաբար փոշմանեցին որոշ պատգամավորների իրենց ձայնը տալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել