Որտեղի՞ց են եկել Եհովայի վկաների կողմից զենք չվերցնելու և պետության բանակում չծառայելու մոտեցումները: Ի՞նչ իրադարձություններ են ընկած դրա հիմքում:

Առաջին անգամ այդ հարցը Եհովայի վկաների համար արդիական դարձավ նացիստական Գերմանիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:   

Նախնական շրջանում Եհովայի վկաներն իրենց հետևորդներին առաջարկում էին Աստվածաշնչի ուսումնասիրություն` ներկայանալով որպես քրիստոնեական կազմակերպություն։ Սակայն իրականում տարբեր ձեռնարկներով ուսումնասիրվում էին Աստվածաշնչի իրենց մեկնաբանությունները` սեփական, կամայական թարգմանությամբ։ Մասնագետների կարծիքով Եհովայի վկաների Աստվածաշնչում` ուղղադավան թարգմանությունների հետ համեմատած, հաշվառվել են 1200 զգալի դավանաբանական փոփոխություններ։ Քանի որ շատերը հիմնականում տեղյակ չեն այդ փոփոխություններից, Եհովայի վկաների կողմից հղումը Աստվածաշնչին մարդկանց մոտ ներշնչում է վստահություն, որը հետագայում ամրապնդվում է նրանց կողմից դրսևորված «բարոյական» նորմերով։ Իրենից անկախ, քայլ առ քայլ մարդը ենթարկվում է գաղափարական մշակման` կտրվելով ընտանեկան, ազգային, ընկերական և սոցիալական արժեքներից։ Ձևավորվում է նոր արժեհամակարգ, որում կան միայն սև և սպիտակ գույներ։ Սևը «Սատանայի աշխարհն է», որը չի ընդունում Եհովայի վկաների գաղափարները։ Դրա մեջ են մտնում պետությունը, մշակույթը, ազգային և ավանդական արժեքները, ընտանեկան արժեքները, ընկերները, որոնք մերժում են այդ գաղափարները, տոները, հիշատակության օրերը։ Սպիտակը` Եհովայի վկաների քարոզիչները, հետևորդները և համակրողներն են, որոնք դիտվում են որպես պոտենցիալ հետևորդներ։ Քանի որ մշակման ընթացքում անձին ներշնչվում է, որ ամբողջ աշխարհը և նրանում առկա բոլոր երևույթները Սատանայից են, հետևաբար անձը որոշակի պատրաստ ներքին ռեսուրսներ ունի արտաքին դիմագրավման համար, եթե նրա ընտանիքում կամ աշխատանքի վայրում հնչեն քննադատություններ Եհովայի վկաների վերաբերյալ։ Բացի այդ, Եհովայի վկաների ղեկավարությունը սովորություն ունի իրեն անհարմար բոլոր երևույթները դասել Սատանայի արարքների շարքին` դրդելով հետևորդներին իրենց հարմար քայլեր կատարելու։ Դրա վկայությունը կարող ենք տեսնել ֆաշիստական Գերմանիայի հետ Եհովայի վկաների իրական փոխհարաբերությունների ժամանակ, որը նկարագրված է այս հոդվածում։ Սրա նպատակն է ցույց տալ Եհովայի վկաների կազմակերպության իրական անհեթեթ որոշումների աղբյուրները, դրանց ազդեցությունը առանձին մարդկանց ճակատագրերի և սոցիալական դրսևորումների վրա:

Մարդը, որը հոգևոր   փնտրտուքների արդյունքում հայտնվում է Եհովայի վկաների մոտ, հանկարծ դառնում է ողջ մարդկության, առավել ևս քրիստոնեության կատաղի թշնամին։ Նա փոխում է իր կյանքի հետաքրքրությունների շրջանակը, փոխում է կյանքի քարտեզը։ Ձեռք է բերում այս կյանքի հանդեպ կողմնակի դիտորդի կարգավիճակ, քանի որ ներկա աշխարհն իր աչքերում չար է և ապրում է իր վերջին ժամանակները։ Այդ պատճառով հաճախ կարելի է տեսնել Եհովայի վկաների, որոնք կատարում են իրենց մասնագիտական կարողություններից ավելի ցածր աշխատանք` ցածր վարձատրությամբ, որպեսզի ողջ ազատ ժամանակն ուղղեն գրականության տարածմանը։

Առողջ հոգեկերտվածք ունեցող մարդն իր պետությանը և ընտանիքին վտանգ սպառնալու պահին մոբիլիզացնում է իր ողջ ուժերը, կարողությունները և մղվում պաշտպանելու հայրենիքը, մտերիմներին, կարողանում է տարբերակել առաջնային և երկրորդական խնդիրները, հետևում է իր սրտի ձայնին։ Եհովայի վկաները հետևում են միայն իրենց կազմակերպության դոգմաներին կյանքի բոլոր իրավիճակներում, եթե անգամ այդ դոգմաները տրամաբանորեն կամ իմացականորեն դեմ են իրենց անձնական պատկերացումներին, սրտին կամ խղճին։ Սրա վառ օրինակը կարելի է դիտարկել նացիստական ռեժիմի ժամանակ Եհովայի վկաների վարքագծի մեջ։

Եհովայի վկաները սիրում են օրինակներ բերել իրենց հետևորդների կողմից քրիստոնեական արժեքներին նվիրվածությունը ֆաշիստական Գերմանիայում Հիտլերին դեմ կանգնելու և այդ պատճառով հետապնդումների ենթարկվելու առումով։ Չենք ուզում քննարկել անհատների սխրանքը և նրանց ճակատագրերը, սակայն խնդիրը հասկանալու համար ստիպված ենք քննել այդ իրադարձությունները` հասկանալու համար Կազմակերպության ողջ անպատասխանատվությունն իր հետևորդների հանդեպ: Փաստերի և պատմական իրողությունների հաջորդականության հիման վրա կարելի է տեսնել, որ Եհովայի վկաների կողմից մահվան դատարապարտվելուն նրանց դրդեցին իրենց կազմակերպության ղեկավարները։ Շատ զոհեր կարող էին և չլինել։ Պետք է հստակ տարանջատել, որ կա մեծ տարբերություն անհատի սխրանքի և նրա կազմակերպության կողմից քարոզվող գաղափարների միջև։

 

Եհովայի վկաներն իրենց ուղղության սկզբնավորման տարիներին լրջորեն համակրում էին հրեաներին և սիոնիստական շարժմանը։ Նրանց նախահայր և հիմնադիր Չառլզ Ռասսելը բազմիցս արծարծել է սիոնիզմի գաղափարները, նշելով որ հրեաները ընտրյալ ազգ են և իրավունք ունեն ապրելու իրենց պատմական հայրենիքում։ Հետաքրիրական է, որ Եհովայի վկաները որոշ ժամանակ գրանցված են եղել որպես «Սիոնի դիտարանի հրատարակության ընկերություն»: Շատ երկրներ մինչ այժմ համոզված են, որ Եհովայի վկաները ստեղծվել են և ֆինանսավորվում են հրեաների կողմից։ Անգամ գերմանական իշխանություններն էին այդ կարծիքին, ինչի արդյունքում 1933թ. փակվեց Եհովայի վկաների Մարբուրգի գրասենյակը։ Սակայն շուտով ամերիկյան ղեկավարության միջնորդության շնորհիվ այն կրկին վերաբացվեց։ Այդ տարիներին կազմակերպության նախագահ Ջոսեֆ Ֆռանկլին Ռուտերֆորդը սկսեց ակտիվ գործողություններ ձեռնարկել նացիստական Գերմանիայի կառավարող շրջանակների հետ բարեկամական հարաբերություններ կառուցելու նպատակով` մի քանի լուրջ քայլեր ձեռնարկելով հրեաների դեմ։ Մասնավորապես հայտարարություն տարածվեց այն մասին, որ կազմակերպությունը երբեք գումար չի ստացել հրեաներից, և բացի այդ իրենք Հիսուսի հետևորդներն են, իսկ հրեաները մերժում են Հիսուսով փրկությունը։ Հետաքրքրական է, որ Երկորդ համաշխարհային պատերազմից հետո Եհովայի վկաները բոլոր կրոններին մեղադրեցին նացիստական Գերմանիային համակրելու մեջ։ Անգամ 1991թ. Եհովայի վկաների «Դիտարան» ամսագրի սեպտեմբերի համարում հատուկ ցուցմունք կա նրանց համար, ովքեր տնային ծառայությունների ժամանակ պատահաբար կհանդիպեն հրեաների։ Այնտեղ նշվում է, որ կարելի է հրեաներին հիշեցնել, որ բոլոր քրիստոնյաները Գերմանիայում նրանց շատ են վնասել, իսկ Եհովայի վկաները Հիտլերի ժամանակ դեմ են եղել հրեաների բոյկոտին։ Հարց է առաջանում, եթե Եհովայի վկաներն անմեղ են հրեաների առաջ, ապա ինչ կարիք կա հատուկ արդարացնող կետ ներառել իրենց ծառայության մեջ։ Հետևաբար, նրանք վստահ էին, որ հրեաները լավ տեղեկացված են իրենց գործողություններից։ Այսպիսով, Ջ. Ռուտերֆորդը 1932թ.–ին հայտարարեց, որ հրեաներին առանց այն էլ չափից շատ ուշադրություն են դարձնում, և մարգարեանում էր, որ հրեաները մեծ մաս են կազմում եվրոպական սատանայական կազմակերպություններում, որ նրանք կուտակել են մեծ կապիտալ և օգտագործում են այն այլ ազգերին ստրկության ենթարկելու համար (այդ կարծիքին էին նաև նացիստները)։ Ռուտերֆորդը հայտարարեց, որ հրեաները պատկանում են Սատանայի տերությանը։ Սակայն դա չի նշանակում, որ առօրյա կյանքում սովորական Եհովայի վկաները որևէ կերպ ճնշում էին իրենց հարևան հրեաներին, այլ ապացուցում է Եհովայի վկաների կազմակերպության՝ հրեաների հանդեպ այդ տարիներին ունեցած այնպիսի դիրքորոշումը, որի ցինիզմը գերազանցում էր այն ժամանակ նացիստամետ որոշ այլ կրոնական հարանվանությունների մոտեցումներին։ Ռուտերֆորդը փորձեց տիրող իրավիճակն օգտագործել իր քաղաքական ամբիցիաների բավարարման, կազմակերպության դիրքերի և շահերի ամրապնդման համար` շատ հեռու գնալով Հիտլերի հետ խաղերի մեջ։ Նա կարծեց որ հրեաների դեմ ուղղված իր քայլերից հետո իր կառավարած կառույցը որոշակի արտոնություններ կունենա Հիտլերի կողմից այլ կրոնների և կառույցների համեմատ, և սկսեց պահանջներ ներկայացնել իր անձի և Կազմակերպության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Դրա նպատակն իրականում նացիստական Գերմանիայում իշխող կրոնական կառույցի կարգավիճակ ստանալն էր: Կազմակերպության՝ Բեռլինում կայացած տարեկան ժողովի ժամանակ դահլիճում ամենուր կախված էին նացիստական դրոշներ, իսկ ժողովը բացվեց նացիստների կողմից օգտագործվող հիմնով, ինչը դժգոհություն էր առաջացրել սովորական հետևորդների շրջանում։ Այդ ժողովի ժամանակ բոլորին բաժանվել էին հակահրեական թերթոն-հայտարարարագրեր, որոնք տարածում էին անգամ Ռուտերֆորդի հետ տարաձայնություն ունեցող հետևորդները, քանի որ նրանք կուրորեն կատարում էին Կազմակերպության հրահանգը։ Միևնույն ժամանակ կազմակերպության շարքային հետևորդները, որոնք երկար տարիներ ապրում էին Գերմանիայում, կարծում էին, որ պետք է որոշ ժամանակ դադարեցնել հավաքները և խիստ լարվածության առիթ չտալ տեղական իշխանություններին, ինչի արդյունքում քարոզիչների թիվն այդ տարիներին նվազեց 85%-ով։ Շատերը կարծում էին, որ անիմաստ է գնալ ինքնազոհողության, և ըստ Գեստապոյի (պետական գաղտնի ոստիկանություն ֆաշիստական Գերմանիայում) փաստաթղթերի՝ մինչև 1938թ. մոտ 500 Եհովայի վկաներ համաներում ստացան`ստորագրելով փաստաթուղթ, համաձայն որի՝ նրանք չէին քարոզելու իրենց ուսմունքը։ Սակայն կազմակերպության համար սա անընդունելի էր, հետևաբար, որոշում կայացվեց փոխել կազմակերպության քաղաքականությունը: Այս քայլն արվեց, քանի որ Եհովայի վկաների համար մարդկանց քանակը ստեղծում է եկամուտ, և կազմակերպության համբավը և շահերը ավելի կարևոր են, քան սովորական մարդկանց կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել