Tert.am-ը գրում է.

Պետք է ցանկացած պատրվակով չմասնակցել բանակցություններին, մասնակցության դեպքում էլ հայկական կողմը պետք է տապալի այն. Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպմանը, որի կազմակերպումը նախաձեռնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նշենք
, որ հանդիպման կազմակերպման աշխատանքներում իր մասնակցությունը չունի ԵԱՀԿ-ն:


Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ ԵԱՀԿ-ի՝ հանդիպման կազմակերպմանը չմասնակցելը ենթատեքստ ունի. Ադրբեջանը և Ռուսաստանը նպատակ ունեն պայթեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները:

«Հայաստանի շահերին սա պարզապես հակասում է: Առաջին սխալը թույլ է տրվել. այս հանդիպումը տեղի է ունենալու: Սխալը պետք է ուղղել նրանով, որ Հայաստանը պետք է ոչ մի պարտավորվածության տակ չստորագրի, ոչ մի համաձայնության չգա, որովհետև դրանք լինելու են պարտավորվածություններ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Նա իր կանխատեսումների մասին մանրամասն չխոսեց, միայն ասաց. «Ոչ մի լավ կանխատեսում չունեմ: Ես բացառում եմ որևէ լավ, դրական ընթացք այս ամենում: Ավելին՝ ես այստեղ տեսնում եմ մեծ վտանգ, որ հայկական կողմն այն ամենին, ինչին հասավ քառօրյա պատերազմի ընթացքում, Վիեննայի հանդիպման արդյունքներով, այդ ամեն ինչը ուղղակի տապալվելու է այդ հանդիպումով, և այդ տապալումը կարող է ստանալ միջազգային իրավական ձևակերպումներ՝ խիստ վտանգավոր Հայաստանի համար»:


Ռուբեն Մեհրաբյանը համոզված է՝ Հայաստանն այս հանդիպմանը գնում է «շանտաժի արդյունքում». «Ինչպես նաև՝ հայկական կողմից քաղաքական կամքի իսպառ բացակայության հետևանքով: Պետք է ասեմ, որ հայկական դիվանագիտության «փալասային ավանդույթները», ցավոք սրտի, շարունակվում են»:


Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին խոսելով՝ քաղաքագետը նշեց. «Ես Սերգեյ Շոյգուից ավելի լավ չեմ կարող ասել: Շոյգուն էլ ասաց, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական են, մնացածը՝ հայկական կողմը թող անի իր հետևությունները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել