Tert.am-ը գրում է.
Կոռուպցիայի դեմ կառավարության հռչակած պայքարի առթիվ Tert.am-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
- Պարոն Մկրտչյան, կոռուպցիայի դեմ համընդհանուր պայքարի արդյունքում ի՞նչ հաջողություններ է գրանցել Ձեր նախարարությունը: Կարծես այնքան էլ տեսանելի չէ պայքարը Ձեր ոլորտում:
- Չեմ պատկերացնում, ինչպես պիտի կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունը տեսանելի լինի՝ բանտարկված մարդկանցո՞վ կամ քրեական գործերո՞վ, չեմ կարծում: Բայց որ պետք է համալիր մի քանի ծրագիր ունենանք, որոնք կբեռնաթափեն ռիսկերը, դա միանշանակ է:
- Օրինակ՝ Դուք ի՞նչ եք անում այդ ուղղությամբ հիմա:
- Ես հիմա պատկերացնում եմ տնօրենների հավաստագրման գործընթացի արմատական բարեփոխում, մանկավարժների ընտրության համակարգի պարզեցում և կանոնակարգում: Կենտրոնական քննական համակարգում մրցույթի, քննության և պետպատվերի տեղադրման գործընթացների տարանջատում: Սրանք բոլորը կոռուպցիոն ռիսկերի խիստ նվազում են, բուհական ինքնավարության մեծացում, բուհական խորհուրդների ապաքաղաքականացում: Բարեկրթության վարքերի կանոնների որդեգրում բուհական համակարգում:
- Կոնկրետ կոռուպցիոն ռիսկերի Ձեր պաշտոնավարման ժամանակ հայտնաբերե՞լ եք և որտե՞ղ եք հատկապես տեսնում նման ռիսկեր:
-3 ամսվա ընթացքում մենք տարբեր տեղերից ունենք ահազանգեր, որոշ դեպքերում, եթե կոնկրետ է՝ քրեական գործեր են հարուցվում, օրինակ՝ ընտրությունների ժամանակ չարաշահումների դեպքերով մի քանի գործեր հարուցվեցին: Եղել են նաև որոշակի դեպքեր այս ամիսների ընթացքում, բայց սրանք կարևոր են այն իմաստով, որ քրեորեն պատժելի են և պատժվում են, բայց եթե մենք ուզում ենք իսկապես շոշափելի առաջընթաց արձանագրենք այս ուղղությամբ, պետք է կարողանանք պատճառներն ու հիմքերը վերացնենք:
- Օրինակ՝ տեղեկություններ կան, որ դպրոցների տնօրենները, ուսուցիչները գումարով են ընդունվում աշխատանքի թե՛ մարզերում, թե՛ Երևանում: Որոշ մարզերում բնակիչներն անգամ սակագները գիտեն:
- Դա մեր ամենացավոտ խնդիրն է: Տեսեք, թե ինչից է գալիս խնդիրը: Եթե տնօրենի թեկնածուն պիտի վերապատրաստի, սա մի ռիսկ, վերապատրաստվելուց հետո գնա քննության, հավաստագիրը ստանա, սա երկրորդ ռիսկը: Հավաստագրից հետո գնա մասնակցի մրցույթին, երրորդ ռիսկ: Այդ մրցույթի ժամանակ պետք է ձևավորվի դպրոցի խորհուրդը, որտեղ ընտրություն պիտի լինի, խորհրդի ձևաչափը, լիազորությունները՝ չորրորդ ռիսկ: Եթե մենք կարողանանք այս գործընթացը պարզեցնել, հնարավոր բոլոր բյուրոկրատական պատնեշները վերացնել և մարդկանց ուղիղ բերել ընտրության և խորհուրդների որակը բարձրացնել, ձեր ասած ռիսկը շատ կնվազի:
- Սակայն ասվում է, որ կրթության ոլորտում կոռուպցիան համակարգված է:
- Ո՞վ է ասում: Դրա համար դպրոցների, բուհերի պրոֆեսիոնալիզմը և ապաքաղաքականացումը խիստ կարևոր է:
- Ե՞րբ մենք էական քայլեր կտեսնենք:
- Մոտ ժամանակներս: Արդեն մի քանի քայլեր մենք արել ենք: Կլինի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որով ռիսկերի մի մեծ մաս կհանվի: Հենց հիմա մենք ԵՄ-ի հետ արդեն գործնական քայլերի ծրագիրը վերջացնում ենք, որը վերաբերում է բուհերում բարեվարքության և հակակոռուպցիոն գործնական ծրագրի հաստատմանը: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեսնեք:



