Մենք հա՛յ ենք: Ազգ, որը ունի բազմադարյա պատմություն, որի ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ, ձեռքբերումներ, հաղթանակներ, որոնցով պետք է հպարտ լինենք: Միևնույն ժամանակ ազգ, որը ենթարկվել է բոլոր հնարավոր ու անհնար փորձությունների՝ սկսած բաժանումներով ու վերջացրած ցեղասպանությամբ ու Սումգայիթով: Սակայն, այնուամենայնիվ, մենք կանք, հայի տեսակը չի վերացել, այլ հակառակը՝ ունենք պետություն, որի մասին դարեր շարունակ երազել ենք, որի համար այդքան արյուն է թափվել: Այսօր մենք դա ունենք: Մենք ունենք պետություն, որի մեջ ապրում ենք հայերով:

Սակայն մենք, ցավոք սրտի, չենք առնում պատմության դասերը, չենք գիտակցում, որ պետք է հարգենք մեզ ու մեր երկիրը, չենք գիտակցում, որ պետք է միասնական լինել, որպեսզի հասնենք հաջողության, չենք գիտակցում, որ մեր քայլերում հաշվետու ենք ոչ միայն մեր արջև, այլև մեր ժողովրդի ու մեր հայրենիքի: Բոլոր կողմերից կարելի է լսել ամեն տեսակ արտահայտություն, հայհոյանք ու հումոր, որը կվատաբանի մեր ազգին, մեր տեսակին ու մեր հայրենիքին: Ու այդ արտահայտությունները երբեմն անհասկանալի են ուղղակի: Ինչպե՞ս կարող է մարդ տարբեր տեսակի կենդանիների (ոչխար, տավար, հավ) անուններով անվանի իր ժողովրդին՝ ԼԻՆԵԼՈՎ ԱՅԴ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ: Ինչպե՞ս կարող է մարդ ասի՝ «զզվում եմ ցեղասպանությունից»: Ինչպե՞ս կարող է մարդ, որը նոր է ինքնուրույն կյանք մտնում, ասի՝ «մի հատ ճար լինի ձեռքս, թողեմ ու շուտ ցվրվեմ»՝ առանց փորձելու այս երկրում մի բան անել: Ինչպե՞ս է դա հնարավոր: Այս բոլորը անընդհատ հնչող արտահայտություններ են, որոնք շրջանառվում են ցանկացած պատեհ կամ ոչ պատեհ առիթի դեպքում:

Նախընտրական թոհուբոհ է, որի ընթացքում անընդհատ նկատում էս գրառումներ «եթե էս *** ազգը մի անգամ մարդ դառնա, ուրեմն…»: Ուզում ես՝ ինչ-որ մեկին ընտրես՝ վեր կաց, գնա, ընտրի ում ուզում ես: Կընտրվի՝ ավելի լավ, չի ընտրվի՝ ուրեմն մի բան էն չէր կամ էդ մարդու, կամ համակարգի: Տվյալ դեպքում իհարկե լուրջ խնդիրներ կան համակարգում, բայց արդյո՞ք դրանք լուծվում են ազգին անպատվելով: Իհարկե չեն լուծվում: Էլ չասեմ, որ 1. մեծի հենց այդ մարդիկ են «թուրքերին մորթում», ու 2. նրանց մեծամասնությունն էլ գնում ու խելոք ընտրում է գործող իշխանությանը՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով: 20 տարվա ընթացքում չենք կարողանում գիտակցել, որ իշխանություն ու ազգ նույնը չի, իշխանություն ու պետություն նույնը չի:

Ու վերջապես պետք չէ մոռանալ, որ այդ արտահայտությունները ցավոք միայն ներքին լսարանի համար չեն (որը բնավ պակաս կարևոր չէ), այլև արտաքին, քանզի Ֆեյսբուքը միայն հայերինը չէ, իսկ այդ կենդանական աշխարհի ներկայացուցիչների անուններով հարուստ գրառումները մեր ազգի մասին հեշտությամբ թարգմանվում ու կարդացվում են օտարերկրացիների կողմից: Իսկ հետո կդժգոհենք, որ այս կամ այն երկիրը կամ դրա ներկայացուցիչը նորմալ, «մարդավարի» չվերաբերվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել