Tert.am–ը գրում է.

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս չի գտնվում 21-րդ դարում և քաղաքակրթության ժամանակակից մակարդակի չի հասել, ինչի մասին, նրա կարծիքով, վկայում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան ընթերցելու մասին որոշումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշակոթող հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճարում հունիսի սկզբից` Ռամադանի մեկնարկին զուգահեռ, Ղուրանի ընթերցանություն է տեղի ունենում, իսկ ընթերցանությունը հեռարձակում են պետական հեռուստատեսությամբ:

Այս որոշումը կտրուկ արձագանքի է արժանացել Հունաստանում: Երկրի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Թուրքիան 100 տարի հետ է գլորվել: Հույն նախարարը ուշադրություն է հրավիրել նաև ԱՄՆ Պետդեպի արած հայտարարությանը` կապված Թուրքիայի գործողությունների հետ, որով կոչ էր արվում հարգել պատմամշակութային ժառանգությունը:  

Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճարը օսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, իսկ 1934 թվականից թանգարան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել