Tert.am-ը գրում է.
Այսօր ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ  հունիսից երկուսից երեքը տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին: Հերմինե Նաղդալյանն ասաց, որ այն 27-րդ հերթական հանձնաժողովի նիստն էր, որի առաջին մասը տեղի ունեցավ Մոսկվայում, իսկ շարունակությունը՝ Կազանում: Նա հայտնեց, որ օրակարգում ունեցել են մի քանի կարևոր հարց, որոնցից էին՝ ՀՀ-ՌԴ սոցիալտնտեսական և մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ԵՏՄ համագործակցության իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաև ԼՂ-ում իրավիճակի զարգացմանը:
 
«Չկար օրակարգային որևէ խնդիր, այդ թվում՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, որոնց մասին մեր գործընկերները չխոսեին: Մեր պատվիրակությունը, համարյա, ինչպես միշտ է լինում, դրսում աշխատում է միասնական և համախմբված»,-ասաց նա:
 
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ Սերգեյ Մինասյանը մասնագիտական կերպով ներկայացրեց ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառները, նպատակները, այն միջազգային նորմերը և  ստանձնած պարտավորությունները, որոնք խախտել է Ադրբեջանը:

«Դրանից հետո քննարկմանը համազեկուցող ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ելույթ ունեցավ, ով ընդգծեց, որ խիստ մտահոգություն կա Ադրբեջանի կողմից  սանձազերծած այդ հրադադարի ռեժիմի խախտումներ վերաբերյալ, վերահաստատեց ռուսական կողմի այն մոտեցումը, որ 94 թվականի հրադադարի պայմանագիրը հանդիսանում է միակ և անժամկետ փաստաթուղթը, որը բոլոր զարգացումների հիմքում է»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
 
Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովը վերջում հանդես է եկել արձանագրությամբ, որտեղ առաջին անգամ այլ երկրի կառույցի մասնակցությամբ, արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծվել է հրադադարի ռեժիմի խախտում և հրադադարի խախտումները տեղի են ունեցել ԼՂ սահմանների ամբողջ երկայնքով  և ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանում: «Սա, կարծում եմ, էական է»,-ասաց նա և նշեց,որ վերահաստատվել են նաև ռուսական կողմի պնդումներն այն մասին, որ հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են, և իրենք չեն տեսնում ռազմական ճանապարհով հարցի լուծման հնարավորություն, այլ կարծում են, միակ հնարավորությունը խաղաղ ճանապարհով է՝ Մինսկի խմբի համանախագաների մանդատի ներքո:
 
Նա նշեց, որ բոլոր պատվիրակներն ակտիվ աշխատել են, և նրանց կողմից բազմաթիվ հարցեր են հնչել՝ այդ թվում Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: Մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ընկերներին չեն փոխում փողի հետ, Հերմինե Նաղդալյանն ասաց. «Ելույթում հնչել են հարցադրումներ, որոնք հաճախ հնչել են մեր կողմից և ամենակարևորն այն է, որ եթե որևէ մեկը մտածում և սպասում է, որ այս ամենի մեջ կան հակառուսական տրամադրություններ, դա այդպես չէ: Իրականում մենք աշխատանքային շահագրգիռ մասնակցությամբ քննարկումներ ենք անցկացրել»,-նշեց Հերմինե Նաղդալյանը և ավելացրեց , որ հայ- ռուսական դաշնակցային հարաբերությունները կան և մնում են լուրջ հենարաններ, երաշխիքներ,  և մենք ապագայում կշարունակենք կենսական նշանակության հարցերի լուծման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել