Tert.am-ը գրում է.

Արմեն Գևորգյանը երեկ նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այս պաշտոնը թափուր էր Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո, որով վերջինս հայտարարեց ընդդիմադիր դառնալու և 2018-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր ցանկության մասին:

Նախորդ անգամ՝ Արթուր Բաղդասարյանի ԱԱԽ քարտուղարի նշանակումը քաղաքական խնդիր լուծեց. որոշ գնահատականներով՝ Արթուր Բաղդասարյանը ԱԱԽ քարտուղար նշանակվեց Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմությունը պառակտելու ու իշխանափոխություն թույլ չտալու նպատակով:   

Նորանշանակ Արմեն Գևորգյանը հայտնի է որպես «քոչարյանական կադր», այլ հարց է, որքանով նա այսօր կապ ունի նախկին նախագահի հետ:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե իր կարծիքով, այս նշանակմամբ ևս քաղաքական հարց է լուծվում: «Քանի որ կուսակցական չէ այս անգամ նշանակումը, չեմ կարող ասել, որ դրանով քաղաքական խնդիր է լուծվում, այլ ավելի շատ երևի անվտանգության առումով է»,- ասաց Մարուքյանը՝ շարունակելով. «Չեմ կարծում, որ քաղաքական խնդիր է լուծվում Արմեն Գևորգյանի նշանակմամբ, որովհետև իրեն որպես քաղաքական դեմք չեմ գնահատում: Նա որևէ կուսակցություն չի ներկայացնում: Նրա քաղաքական գործունեության դերակատարման հետ կապված որևէ տվյալ չունեմ, գիտեմ որ գնացել էր սովորելու Հարվարդում, հիմա նշանակվել է: Երբ նա ժամանակին եղել է ԱԱԽ քարտուղար, ես ինքս պատգամավոր չեմ եղել և չեմ հետևել նրա գործունեությանը»:

Հաջորդ հարցին, թե Ճիշտ էր Գևորգյանի նշանակումը, պատգամավորն ասաց. «Իմ կարծիքով, երկար ժամանակ անվտանգության քարտուղար չունենալը կամ այդ պաշտոնը թափուր թողնելը ճիշտ չէր և պետք էր, որ էդ պաշտոնում ինչ-որ մեկը նշանակվեր և զբաղվեր էդ գործով: Խորհրդարանը որևէ դերակատարում չունի այդ պաշտոնի նշանակման հարցում, միգուցե հաջորդ խորհրդարանը կունենա այդ դերակատարումը, եթե խորհրդարանական կառավարման ենք անցնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել