Tert.am-ը գրում է.
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը գտնում է, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների բարդացումը պայմանավորված է երկու հանգամանքով, առաջինը, որ կա քաղաքական անվստահություն ՀՀ-ի նկատմամբ և երկրորդ՝ փաստաթղթային հակասություններ՝ ԵՏՄ շրջանակներում «ՀՀ-ի արդեն ստանձնած պարտավորությունների և հնարավորի միջև»:
 
«Ես կարծում եմ, որ կա անվստահության լուրջ զգացում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որովհետև մի անգամ Եվրամիությունը մեզ հետ 4 տարի  բանակցել է, եղել են հավաստիացումներ, որ ՀՀ-ն ստորագրելու է փաստաթղթերը և վերջին պահին դրանից հրաժարվել է, այսինքն՝ կա վստահության պակաս»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
 
Դիտարկմանը, թե դրանից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնեցին, որ իրենք հարգում են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը և ՀՀ-ն
շարունակում է հետաքրքիր լինել ԵՄ-ի համար, Արա Պապյանն ասաց, որ համամիտ է ասվածի հետ, սակայն  կան խնդիրներ երկկողմանի հարաբերություններում:
 
«Ի վերջո, ես կարծում եմ, որ ինչ-որ մի բան կստորագրվի, սակայն հարցն այն է, թե դրա մեջ ինչպիսի մանրամասներ կլինեն, որովհետև դա կարող է լինել ձևական համագործակցության փաստաթուղթ, և կարող է լինել փաստաթուղթ, որը լայն հնարավորություններ կընձեռեր Հայաստանին: Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ դու ունենաս պարզապես ստորագրած փաստաթուղթ, այլ թե դրա բովանդակությունն ինչպիսին կլինի»,- ասաց նա:

Արա Պապյանը հատկապես ներկայիս քննարկվող փաստաթղթում հուսադրող համարեց այն բաժինը, որ որոշակի անդրադարձ պետք է լինի Հայաստանի անվտանգության հարցերին: Նա նկատեց, որ նախորդների մեջ դա չկար : Ըստ նրա՝ ցանկացած երկիր, որ ցանկանում է  Հայաստանի հետ լայնածավալ, խորը հարաբերություններ զարգացնել, պետք է անպայման անվտանգության հարցը ներառի:

Հարցին, թե ինչ կարող է դա տալ, հաշվի առնելով, որ հենց անվտանգության նկատառումներով ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, սակայն փաստը ցույց տվեց, որ անվտանգությունը մենք մեր մեջ պետք է փնտրենք, Արա Պապյանն ասաց, որ
Ադրբեջանի մասով հօդս ցնդեց  և տեսանք, որ դա չի աշխատում: «Ես դեռ այն ժամանակ էլ էի ասում, որ եթե Ռուսաստանը ցանկանա մեր անվտանգությունը ապահովել, մենք երկկողմ փաթեթ ունենք, ՀԱՊԿ անդամ ենք: Իմ դիրքորոշումն այն է եղել, որ ԵՏՄ անդամակցությունը մեզ որևէ նոր բան չի տալիս»,- ասաց նա:

Նա նշեց, որ ԵՄ-ի անվտանգության այդ բաժինը կտա անվտանգության և պաշտպանության, ինֆորմացիայի փոխանակման ոլորտում  համագործակցության  հնարավորություն:

«Ինչ-որ բան դա կտա, սակայն խոսքը նրա մասին չէ, որ Եվրոպան կստանձնի Հայաստանի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ Հայաստանի շեղվածությունը դեպի Ռուսաստան այնքան խորը և լայն է, որ նման փաստաթղթերով դա չի կարող շտկվել»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանը կարող էր նախորդ փաստաթղթով տնտեսություն զարգացնել, իսկ հիմա նման բան չի լինելու:

Արա Պապյանը գտնում է, որ փաստաթղթի ստորագրումը ձեռքբերում չէ: «Դա սրտի մխիթարանք է, քաղաքական PR է»,-ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել