Եվրոպան չափազանց ուշ ուշադրություն դարձրեց, թե որքան անտանելի իրավիճակ է ստեղծվել այն երկրներում, որոնցից Եվրամիություն փախստականներ են գալիս. ինչպես տեղեկացնում է «Վզգլյադ»-ը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Չափազանց հստակ է, որ մենք Եվրոպայում շատ ուշ ուշադրություն դարձրինք, թե որքան անտանելի է վիճակն այն երկրներում, որտեղից գալիս են փախստականները, կամ նրանց հայրենիքի մոտակայքում։ Այնքան ուշ, որ մարդիկ այլ ելք չտեսան, քան իրենց ճակատագիրը հանցագործ փոխադրողների ձեռքը հանձնելը»,-ասել է նա։
Մերկելը նշել է, որ ապագայում իրենք ավելի ակտիվ են պայքարելու այդ փախուստի պատճառների դեմ, փորձելու են հակամարտությունների խաղաղ լուծում գտնել՝ այլ երկրների հետ միասին։
Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է համարում 2015 թվականի սեպտեմբերի սկզբի իր որոշումը՝ սիրիացի փախստականների համար սահմանը բացելու վերաբերյալ, Մերկելն ասել է. «Այո, Գերմանիան և Ավստրան որոշեցին հումանիտար աղետի լույսի ներքո չփակել իրենց սահմանները, որպեսզի այդ մարդիկ գան մեզ մոտ»։
Կանցլերը նաև հավաստիացրել է, որ «բոլոր պետական ծրագրերը շարունակվելու են»՝ չնայած միգրացիոն ճգնաժամին։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/06/01/merkel/2037683
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



