Քիչ առաջ ծանոթացա ռուսաստանաբնակ մեր մի հայրենակցի մոտ ծագած մի խնդրի. կորցնելով անձնագիրը՝ նա գնացել է դեսպանատուն, ներկայացրել է նոտարով հաստատված պատճեններ, որոնք չեն ճանաչվել որպես փաստաթուղթ։ Դրանից հետո քաղաքացին ստացել էր մի տեղեկանք, որում ասվում էր. «Հայաստան վերադառնալու համար անձի ինքնությունն ու քաղաքացիությունը պարզելու դիմումն ընդունված է, վերադարձեք ՄՈՏ ՄԵԿ ԱՄՍԻՑ»։

Դեսպանատան փաստաթուղթը. աղբյուր 

Անձամբ ես մաղթում եմ նման ժամկետի մեջ մեղավոր ցանկացած պաշտոնյայի, որպեսզի նա հայերիս հանդեպ, անշուշտ, ամենաբարեհամբույր քաղաք Մոսկվայում մի ամիս առանց անձնագրի անցկացնի։ Այժմ, մի կողմ դնելով հուզական մասը, կենտրոնանանք գործնականի վրա։ 

Քաղաքացուն, ինչպես երևում է դեսպանատան տրամադրված փաստաթղթից, տալիս են ոչ թե նոր անձնագիր, այլ ընդամենը փաստաթուղթ, որի հիման վրա նա պիտի վերադառնա Հայաստան ու հետո վերականգնի անձնագիրը։ Չեմ հասկանում, ինչպիսի հիմնավոր պատճառներ կարող է բերել դեսպանատունը՝ «պասպորտի սեղան», ոստիկանություն կամ ԱԱԾ ինքնությունը ստուգելու դիմումն ուղարկելը մի ամսով երկարաձգելու համար։ Առկա է մարդու անձնագրի պատճենը՝ գրանցման հասցեով, անձնագրի համարով։ Առողջ բանականությունը հուշում է, որ նույն տվյալները կան պետական այլ օղակներում, ու դրանց ճշտումը մի քանի օրվանից ավել չպետք է տևի։ Փաստ՝ համակարգ, որն արագորեն ու քիչ գլխացավի գնով կլուծի նման խնդիր, Հայաստանում չկա։ Այնինչ Լեհաստանի քաղաքացի հանդիսացող իմ հեռու բարեկամը, կորցնելով անցած ամառ անձնագիրը, ստացավ նորը 3 օրում՝ վճարելով միայն փոստային ծառայությունների համար։

 

 Ի դեպ, 2010-ին Մոսկվայում «Принц» առևտրի կենտրոնի կայանատեղից առևանգեցին ՀՀ դեսպանատանը պատկանող Lexus LX 570 մեքենան՝ 4.35 միլիոն ռուբլի կամ 140 000 դոլար արժողությամբ։ Համեմատության համար՝ վարչապետի ու ԱԺ նախագահի ծառայողական BMW 750 Li Xdrive–ի ամենաթանկ կատարումը  Մոսկվայում արժե 4.9 միլիոն ռուբլի (158 000 դոլար)։ Հատուկ նշում եմ մոսկովյան գներ՝ համեմատելիություն ապահովելու համար։ Իսկ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլի ծառայողական մեքենան՝ Cadillac DTS-ը, Ռուսաստան պաշտոնապես չի ներկրվում, սակայն ԱՄՆ–ում արժե 46000-55000 դոլար։ Դեսպանատան Լեքսուսը ԱՄՆ–ում 81 հազար և ավել արժե։ Բացատրեք ինձ, խնդրում եմ, ինչի՞ համար էր ԱՄՆ դեսպանի մեքենայի մոտ 2 գնի ջիպ վայելում անձնագիր կորցնելու հարցը լուծել անկարող երկրի դեսպանատունը, ու ասեք, շարունակո՞ւմ է նա արդյոք վայելել նույնանման մեքենաներ մինչև հիմա։

 

ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլն ու իր մեքենան                                                 Lexus LX 570

 

   

Աղբյուրը՝ emedia.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել