Ես զզվում եմ Հայաստանի Հանրապետություն պետությունից: Այո՛, ես հայ եմ, ես հպարտ եմ դրանով: Բայց չեմ ուզում լինել ՀՀ-ի քաղաքացի: Ինչո՞ւ: Դե բռնվեք:
Ես մեկ տարի է գտնվում եմ Ռուսաստանի Դաշնությունում: Ունեմ բոլոր նախադրյալները ստանալու Ռուսաստանի քաղաքացիություն (ունեմ սեփական օրինական բիզնես, հանդիսանում եմ հարկատու, կինս ՌՖ քաղաքացի է, դուստրս ծնվել է ՌՖ-ում և հետևաբար ևս ստացել է ՌՖ քաղաքացիություն), բայց համառորեն չէի ուզում ստանալ ՌՖ անձնագիր՝ հպարտանալով իմ երկրի անձնագրով:

Վերջերս, շատ կարևոր մի գործարքի էի հրավիրված, սակայն այն չկայացավ, որովհետև հայտնաբերեցի, որ իմ անձնագիրն ու զին. գրքույկը կորցրել եմ: Հոգ չէ, մտածեցի, կդիմեմ Երկրիս դեսպանատուն և կվերականգնեմ փաստաթղթերս, կամ գոնե կստանամ որևէ տեղեկանք, որով իրավունք կստանամ վերադառնալ Հայրենիք և տեղում ստանալ նոր անձնագիր և զին. գրքույկ: 
Այցելեցի դեսպանատուն: 
Ես - Բարև Ձեզ, ես կորցրել եմ իմ անձնագիրը, խնդրում եմ ինձ տվեք «վերադարձի վկայական», որով ես իրավունք կունենամ մեկնելու Հայաստան՝ իմ Հայրենիք:
Դեսպանատան աշխատակից - Ի՞նչ փաստաղթեր ունեք:
Ես - Ունեմ անձնագրիս պատճենը և ՀՀ վարորդական իրավունք, որն ի դեպ ևս անձ հաստատող փաստաթուղթ է հանդիսանում:
Դեսպանատան աշխատակից - Որտեղի՞ց Ձեզ պատճեն, եթե կորցրել եք անձնագիրը:
Քմծիծաղով պատասխանեցի, որ վաղուց էի արել, և դեռ մի 10 հատ էլ ունեմ:
Դեսպանատան աշխատակից - Երիտասարդ, ավելի լավ է ներկայացրեք Ձեր անձնագիրը:
Ես - Եթե ես անձնագիր ունենայի, ինչո՞ւ պիտի դիմեի Ձեր օգնությանը:
Դեսպանատան աշխատակիցը թոթափեց ուսերը և շարունակեց՝ լրացրեք համապատասխան բլանկը և սպասեք մինչև կկանչենք:
.... լրացրեցի, 3 ժամ անց վերջապես կանչեցին:
Դեսպանատան աշխատակից - Ձեզ տեղեկանք կտանք միայն մեկ ամիս անց, քանի որ պետք է հարցումներ անենք Հայաստան համապատասխան կառույցներին՝ Ձեր անձը ճշտելու համար: 
Ես - Բայց չէ՞ որ ես ունեմ անձ հաստատող փաստաթուղթ, այն է՝ վարորդական վկայականս:
Դեսպանատան աշխատակից - ՎՎ-ն չի հանդիսանում անձ հաստատող փաստաթուղթ:
Ես - Ունեմ նոտարական վավերացումով անձնագրի պատճեն և թարգմանություն:
Դեսպանատան աշխատակից - Մենք չենք վստահում Ռուսաստանի նոտարներին:
Ես - Եթե ինձ փողոցում ոստիկանը կանգնեցնի փաստաթղթեր ստուգելու համար, ի՞նչ պատասխանեմ:
Դեսպանատան աշխատակից - Աշխատեք, որ ոստիկանը Ձեզ չբռնի:

Սա է Պետությանս ինձ տված պատասխանը: 
Կից տեղադրում եմ ինձ տրված տեղեկանքն, առ այն, որ ես դիմել եմ Դեսպանատուն, և ինձ կանչել են ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ մեկ ամիս հետո, իսկ այդ մեկ ամսվա ընթացքում պետք է ԱՇԽԱՏԵՄ, ՈՐ ՈՍՏԻԿԱՆԸ ԻՆՁ ՉԿԱՆԳՆԵՑՆԻ....


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել