Ով անմեղ է լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան,-
Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից…
Սարդարապատի զանգերն ու Թումանյանական ՛՛Լուսավորչի կանթեղը՛՛ մեկ գործ են անում: Նրանք միասին, կարծես, Հայության պահապան հրեշտակները լինեն: Սարդարապատի զանգերը միշտ ազդարարում են մեր ինքնությանը սպառնացող օրհասական վտանգների մասին, իսկ ՛՛Լուսավորչի կանթեղը՛՛ մշտապես ցույց է տալիս մեր փրկության միակ ճշմարիտ ՈՒՂԻՆ: Սարդարապատի զանգերն այսօր էլ իրենց ողջ ուժգնությամբ «մահ-պատերազմի օրհասն» են ազդարարում… Նրանք գիշերուզօր ահազանգում են մեր ինքնությանը սպառնացող վտանգների մասին, կոչնակ են հնչեցնում միաբանվելու և համընդհանուր դեգրադացման բերող նյութատենչության այս ճահճից խույս տալով ազգովի դարձի գալու, փրկվելու մասին: Սակայն ափսոս որ սակավաթիվ են «լիքը սրտով ու անսասան հավատով անմեղները…» Ոչ ոք այլևս չի լսում զանգերի ձայնը և չի տեսնում ՛՛Լուսավորչի Կանթեղի՛՛ ԼՈՒՅՍԸ… Ամայանում է մեր երկիրը…
Ճիշտ մեր մասին է. «Գնա՛ եւ յայտնի՛ր այդ ժողովրդին. «Լսելով պիտի լսէք, բայց չիմանաք,տեսնելով պիտի տեսնէք, բայց չճանաչէք». քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպէսզի չլինի թէ երբեւէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան…»։ Եւ ես ասացի. «Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր»։ Իսկ նա պատասխանեց. «Մինչեւ որ քաղաքներն աւերուեն բնակիչ չլինելու եւ տները՝ մարդ չլինելու պատճառով, եւ այդ երկիրը մնայ ամայի»։ Եսայի 6:9-11