Օրեր շարունակ զսպում էի ինձ ու մտահոգությունս պահում իմ մեջ, բայց զգում եմ, որ այլևս չի ստացվում... Մարդիկ նախագահական ընտրությունների ֆոնի վրա տարատեսակ դժգոհություններ, փոխադարձ մեղադրանքներ ու ատելության կոչեր են հնչեցնում, ոչ ոք մյուսին չի լսում ու չի ընդունում, միշտ միայն վատն ենք տեսնում, իսկ լավը գնահատում ենք որպես` «այդպես էլ պետք է լիներ»: Գուցե դրանում կա ճշմարտության մի փոքր տոկոս, բայց երբ ամեն ինչը վերածում ենք քաղաքական բազարի, երբ անցնում ենք կոռեկտության ու մարդկային բոլոր սահմանները, մի պահ մտածում ես` արդյո՞ք արժե կամ հնարավոր է ապրել կամ սերունդ դաստիարակել նմանատիպ հասարակության մեջ: Արդյո՞ք նույն կերպ շարունակելով մենք կլուծենք մեր առջև ծառացած խնդիրները, արդյո՞ք կհաղթահարենք ամեն քայլափոխի հանդիպող անանուն ատելությունն ու թունավոր անտարբերությունը, անտեղի ծաղրանքը միմյանց նկատմամբ, երբ մարդիկ իրար այլևս չեն վստահում, երբ փողն ու դիրքը կուրացրել են բոլորին, նույնիսկ հարազատները միմյանց հետ չափից ավելի զգույշ են խոսում, որ որևէ մեկի հասցեին ավելորդ բառ կամ պիտակավորում չլինի նրանց խոսքում... Բայց մինչև ե՞րբ:
Այս ամենի հետ միասին կան մարդիկ, ովքեր պայքարում են սրա դեմ, թեկուզ հենց Ֆեյսբուքում, կարծիքներ ու հակափաստարկներ բելերով, միավորելու ու մարդկանց համախմբելու գաղափարներով, հանդուրժողականության կոչեր անելով, բայց փաստ է, որ արդյունք գրեթե չկա...
Անկախ մեր երկրում առկա դրական ու բացասական երևույթներից` եկեք չմոռանանք, որ յուրաքանչյուրս կարող ենք եթե ոչ փոխել, գոնե նպաստել դրական փոփոխությունների կայացմանը: Տարիներ առաջ մարդիկ հերոսամարտ են մղել, արյուն թափել ու հաղթել, որ մենք մեր սեփական երկրում ապրելու ու գործելու իրավունք ունենանք, ոչ թե ամեն օր լսենք որոշ չկայացած ու սեփական անհաջողություններում միշտ ուրիշին մեղադրող մարդկանց, ովքեր տոնը միշտ ուզում են վերածել սգի, մարդկանց հաջողությունները դիտում են որպես փողի ու լավ ծանոթի կամ քծնանքի դրսևորում (չնայած չեմ ժխտում, որ նման դեպքերը քիչ չեն)...
Հարգելի ու ոչ այնքան հարգելի մարդիկ, մի փչացրեք մարդկանց տրամադրությունը, պատվերներ մի կատարեք ու մի ատեք իրար, առանց այդ էլ մարդիկ ամեն օր ու ամենուր միայն դա են տեսնում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arman.tatosyan/posts/4289961295284
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել