Tert.am-ը գրում է.
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են հանրապետության Նախագահի՝ Վիեննա կատարած այցի արդյունքները:
 
«Տեղյակ եք, որ համանախագահ երկրների արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որը հիմնականում համահունչ է հայկական կողմի առաջարկություններին:
 
Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք հայտարարությամբ»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, թե Վիեննայից Հայաստան վերադարձի ընթացքում Նախագահն իր հարցազրույցում մանրամասն անդրադարձ կատարել է այցի արդյունքներին, ապա ավելացրեց. «Այնտեղ նոր փաստաթուղթ չի քննարկվել, հիմնականում խնդիրը վստահության մեխանիզմների, խաղաղության ամրապնդման վերաբերյալ է, որ 1994 թվականի զինադադարն անժամկետ է, որ նոր զինադադար չի կարող լինել, Ադրբեջանը պետք է ստանձնի այն պարտավորությունները, որ ստանձնել է 1994 թվականի զինադադարով»:

Շարմազանովի խոսքով՝ որևէ նոր սկզբունք չկա, խնդիրը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունքի իրացում և խաղաղ կարգավորում:

«Որևէ մեկը չի կարող լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ու ազատության ձայնը»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել