Tert.am-ը գրում է.
Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպումը, ընդհանուր առմամբ, ըստ քաղաքագետ Վիգեն Հակոբյանի՝  հայկական կողմի համար արդյունավետ էր: Հիմնական արդյունք կարելի է համարել 1994 և 1995 թվականների  զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտության արձանագրումը:

«Կարծում եմ ամենակարևորը, որ արձանագրվեց, այն է, որ հաստատվեց 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը, որովհետև  ցանկացած այլ համաձայնագիր հրադադարի պահպանման մեզ համար նահանջ կլիներ, քանի որ հենց 94-95թթ.-ի համաձայնագրին մասնակից է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասաց նա:

Քաղաքագետը դրական միտում համարեց նաև վերահսկողության մեխանիզմներ տեղադրելու սկզբունքային պայմանավորվածությունը, որին ի դեպ, մշտապես դեմ էր միայն ադրբեջանական կողմը:

«Այսինքն՝ խախտումները արձանագրելու համար այդ վերահսկողական մեխանիզմները այդուամենայնիվ կտեղադրվեն, որից կարելի է ակնկալել, որ այլևս համանախագահող երկրների մեղադրանքները հասցեագրված կլինեն, այլ  ոչ թե ինչպես միշտ տոլեռանտ մոտեցում կլինի»,- ասաց նա: 

Բացասական իմաստով, ըստ քաղաքագետի՝ թերևս այն է, որ փաստացի ֆիքսվեց այսօրվա ստատուս քվոն: «Այսինքն՝ տերիտորիալ առումով, գուցե ոչ մեծ և ոչ կարևոր, բայց վիճակը պահպանվեց, և դե ֆակտո  ընդունվեց այն սահմանը, որը  քառօրյա պատերազմից հետո է և ոչ թե մինչև ապրիլի 2-ը»,- ասաց նա:

Վիգեն Հակոբյանը նշեց, թե կան բոլոր նախադրյալները հնչած առաջարկները արագ կյանքի կոչելուն: «Եթե գեոքաղաքական երեք կենտրոնների արտգործնախարարները նախաձեռնում են այդպիսի հանդիպում և անձամբ մասնակցում են բավականին  պատկառելի կազմով, դա նշանակում է, որ լուրջ նպատակներ կան՝ հարցի լուծման գործում ինչ-որ չափով առաջախաղացում ապահովելու համար»,- ասաց նա և նշեց, որ հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը չէր համաձայնվում, օրինակ, վերահսկման մեխանիզմների տեղադրմանը, ենթադրելի է, որ այդուամենայնիվ վերջինիս նկատմամբ ճնշումներ եղել են:

Ի դեպ, նա նշեց, թե պատահական չէ, որ հայտարարվել է կրկին հանդիպելու անհրաժեշտության մասին: «Այսինքն՝ ինչ-որ թափ է հաղորդվել գործընթացին, կա արտաքին ճնշում՝ հարցը  խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների հանդիպման ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հերթական սադրիչ քայլերին, որի հետևանքով սահմանին կրկին հայ զինվորի է զոհվել, քաղաքագետը նկատեց, որ միամտություն կլիներ կարծել, որ երեկվա հանդիպումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեր:

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ  վերահսկողության մեխանիզմները օր առաջ պետք է մտցնել, որպեսզի փոխադարձ մեղադրանքներ չլինեն: Ինչպես միշտ համոզված եմ, որ մյուս կողմն էլ կասի հայկական կողմից է եղել»,- ասաց նա:

Ի դեպ, նա դրական միտում համարեց նաև այն, որ մշտական ներկայացուցիչների լիազորություններն ավելացվեցին, արդյունքում նրանք ոչ միայն դիտորդ են լինելու, այլ նաև արձանագրելու են խախտումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել