Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերի սահմանի լարվածությանը, նշեց, որ դա պայմանավորված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման փորձի հետ և այդ լարվածությունը գնալով կավելանա:
«Ադրբեջանում տեսնում են, որ միջազգային հանրությունը շահագրգռված է հանդիպում կազմակերպելու համար և համաձայն սովորությանը ու նախկինում մշակված քաղաքականությանը՝ փորձում է հնարավորինս սրել իրավիճակը: Ըստ էության, նման հանդիպումները թե՛ նախագահների, թե՛ արտգործնախարարների մակարդակով, մեծ հաշվով, հարցերը կարգավորելու փոխարեն, նպաստում են լարվածության աճին»,-ասաց քաղաքագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ Ադրբեջանը գնալով սպառնալիքի մակարդակն ավելացնում է:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը հասկացել է, որ քաղաքական ասպարեզում չի կարող իր համար շահավետ արդյունքների հասնել, և փորձում է իրավիճակը փոխել՝ ռազմական գործողություններ սկսելով. «Ադրբեջանը չի ցանկանում վերադառնալ բանակցությունների հին շրջանակ, ինչի համար այնպիսի գործողություններ է անում, որ
բանակցային գործընթացն, ըստ էության, անհնարին է դարձնում»:
Ըստ նրա՝ Ադրբեջանն այսօր կանգնած է քաղաքական լուրջ դժվարության առաջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Հայաստանի կողմից նման հանդիպման համաձայնումը հարգանքի նշան է միջնորդների՝ խաղաղություն հաստատելու ջանքերին, բայց Ադրբեջանի նախագահի հետ խոսելու որևէ հիմնավորում քաղաքագետը չի տեսնում:
«Այս դեպքում գործ ունենք ոչ թե մի երկրի ղեկավարի, այլ ռազմական հանցագործի հետ, որոնց հետ պետք չէ ոչինչ քննարկել, նրանց պարտադրել է պետք»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց նաև, որ երկկողմ հանդիպում չպետք է համարել բանակցային գործընթաց, այլ ընդհանուր հանդիպում է, որն ավելի շատ հարգանքի տուրք է միջնորդներին, որոնք ջանքեր են թափում, որ հարցը խաղաղ կարգավորում ստանա. «Բայց ես կարծում եմ, որ քաղաքական այս քննարկումների փուլը մեծ հաշվով իրավիճակային փոփոխություններ չի կարող բերել սահմանում»,-նկատեց Մելիք-Շահնազարյանը:
Նա ասաց, որ Ադրբեջանի վերջին երկու տարիների գործողությունները ցույց են տալիս, որ իրենք ամեն մի հարմար առիթ օգտագործում են սահմանին իրավիճակը լարելու, և դրանով ցույց տալով, որ պատրաստ չեն խաղաղ կարգավորման:



