Tert.am-ը գրում է.
Այսօր «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով նշեց, որ Հայաստանի համար կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ազգային միասնության առարկա, որն իր մեջ կներառի կառավարությունը, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը:
«Ես կարծում եմ, որ այս միջոցառումը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դառնա Հայաստանի համար առաջնահերթություն: Կարող ենք հիշել վարչապետի վերջին հայտարարությունը, որով նա դժգոհություն հայտնեց կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից:
Կարծում եմ, որ այս հարցը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի, սա ազգային անվտանգության հարց է Հայաստանի համար, կոռուպցիան թուլացնում է Հայաստանը»,-ասաց նա և նշեց, որ այս տեսակետից, կարծում է, որ կարող ենք ականատեսել լինել տեսանելի փոփոխությունների։
Սվիտալսկին նկատեց, որ կառավարությունը մի շարք կարևոր փաստաթղթեր է ընդունել, հակակոռուպցիոն խորհուրդն է ստեղծել և, իր կարծիքով, քաղաքացական հասարակությունը և կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ընդհանուր ընկալում ունեն:
«Հայ ժողովուրդը տեսանելի ապացույցներ է ակնկալում, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջընթաց է ապրում»,- ասաց նա և նշեց, որ իրենք 15 միլիոն եվրո հատկացված գումար ունեն այս պայքարի շրջանակներում, սակայն այդ գումարը դեռ բաշխված և ծախսված չէ:
«Մենք բաց և անկեղծ ենք մեր գործընկերներ հետ։ Կան պայմաններ և մենք պետք է արդյունքներ տեսնենք»,-ասաց նա և նշեց, որ արդյունքներ չտեսնելու դեպքում գումարը չեն հատկացնի:
Նա հույս հայտնեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը նոր ընթացք կստանա և արդյունքները շոշափելի կլինեն: Նա անհրաժեշտ համարեց անկախ, ուժեղ մարմնի ստեղծումը, որը կպայքարի կոռուպցիայի դեմ: «Հուսով եմ, որ ձեռքբերումներ կլինեն։ Հավատացած եմ, որ նախարարը կարևորություն է տալիս այս հարցին, բայց մեզ պետք է գործողություն, փաստ, ձեռքբերումներ»,-շեշտեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:



