1918թ. Մայիսյան հաղթական հերոսամարտերի մասնակից, Հայաստանի 1-ին հանրապետության պառլամենտի անդամ, ռազմական, քաղաքական և ազգային խոշոր գործիչ Ուսուբ Բեկ Թեմուրյանցը 1896 թվականից եղել է Անդրկովկասի եզդիների առաջնորդը, իր գործունեության ողջ ընթացքում ամրապնդել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերը, ծառայել հայոց պետականության վերականգնման և կայացման մեծ նպատակին` դրա մեջ տեսնելով նաև իր ազգակիցների ապահով կյանքն ու ապագան:
Պատանեկան տարիքից մտերիմ լինելով հայ մեծանուն երգահան` Ուսուբ բեկը նրան ամեն կերպ օժանդակել է գրի առնելու հայ և եզդիական երգարվեստի բազմաթիվ նմուշներ, որոնք Կոմիտասի շնորհիվ դարձել են հայ և եզդի ժողովուրդների երաժշտական արվեստի իսկական գլուխգործոցներ: Այս փաստն իրենց հուշերում վկայել են ժամանակակիցները` անվանի մտավորականներ Փանոս Թերլեմեզյանը և Խաչատուր Կանայանը:
Հայ արվեստին, մասնավորապես` բնագիտությանը, նույնպիսի ծառայություն է մատուցել Ուսուբ բեկը` 1912թ. Սուրմալուում հյուրընկալելով Պետերբուրգի Ռուսական թանգարանի կողմից գործուղված հայ խոշոր պատմաբան, հնագետ և հայագետ Աշխարհբել Լոռիս-Քալանթարին: Վերինիս վկայություններն իր կատարած աշխատանքի, Ուսուբ բեկի օժանդակության մասին պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում:
Արգասավոր և հետաքրքիր է Ուսուբ բեկի կենսագրությունը 1917-21թթ.: 1917թ. գարնան, ամռան ամիսներին Ուսուբ բեկն իր հեծյալ զորաջոկատով մասնակցում է Արևմտյան Հայաստանում թուրքերի դեմ մղված կռիվներին, Գարեգին Նժդեհի հետ համատեղ Կողբում և Ալաջայում մարտնչում թշնամական հրոսակախմբերի դեմ: Նույն տարվա աշնանը Նժդեհի հետ մեկնում է Թիֆլիս և նրա միջոցով ծանոթանում, կապեր հաստատում Հայոց Ազգային Խորհրդի անդամների` Ավետիս Ահարոնյանի, Արամ Մանուկյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի, Սիմոն Վրացյանի և այլոց հետ:
1918թ. մայիսին Ուսուբ բեկն իր գլխավորած եզդիական ջոկատով մտնում է Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ գործող Երևանյան զորաջոկատի կազմ և մասնակցում Սարդարապատի, ապա Ապարանի հերոսամարտերին, դրսևորած քաջության և խիզախության համար դիվիզիայի հրամանատարի 1918թ. նոյեմբերի 7-ի թիվ 34 հրամանով պարգևատրվում է մարտական բարձր շքանշանով` Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանով:
1918-20թթ. Ուսուբ բեկը եղել է Հայաստանի 1-ին Հանրապետության Խորհրդարանի անդամ` ընդգրկվելով Դաշնակցության ֆրակցիայի կազմում, քանի որ այդ խմբակցության անդամ էր: Ծավալել է ազգաշահ, պետականամետ գործունեություն, իբրև պատգամավոր կողմ է քվեարկել բոլոր հայանպաստ որոշումներին: Զբաղվելով օրենսդրական գործունեությամբ` Ուսուբ բեկը միաժամանակ ծառայության մեջ էր նորաստեղծ հայոց բանակում, եղել է պորուչիկ, գումարտակի հրամանատար:
Ուսուբ բեկը մասնակցություն է ունեցել 1919թ. Երևանում գումարված Արևմտահայերի 2-րդ համագումարին և Հայաստանի գավառապետերի անդրանիկ համաժողովին ու ընտրվել է Սուրմալուի գավառային խորհրդի անդամ:
1920թ. Ուսուբ բեկի նախաձեռնությամբ Ալեքսանդրապոլում գումարվել է Հայաստանի եզդիների առաջին համագումարը, որն արժանացել է պետական ուշադրության: Բեկը եղել է համաժողովի փոխնախագահը և նպաստել կարևոր որոշումների ընդունմանը` ի շահ եզդի ժողովրդի կրթության և հասարակական գործունեության:
Ուսուբ բեկը ականավոր հայ քաղաքական, պետական գործիչների հետ չհամակերպվեց խորհրդային կարգերի հաստատմանը, մասնակցեցհամաժողովրդական Փետրվարյան ապստամբությանը այդ իշխանության դեմ, տարագրվեց Պարսկաստան:
«Դաշնակցականների հետ համագործակցած» Ուսուբ բեկը 1921թ. աշնանը վերադարձավ Հայաստան, հայրենի Շամիրամ գյուղ: Նախկինի պես մեծ հեղինակություն էր վայելում իր ազգակիցների շրջանում, սակայն նրա հասարակական, քաղաքական գոծունեությանը վերջակետ էր դրված: Բազմաթիվ գործիչների թվում Ուսուբ բեկը ևս ենթարկվեց բռնաճնշումների, աքսորվեց, բանտարկվեց: Բանտում ձեռք բերած ծանր հիվանդությունն էլ պվաղաժամ մահվան պատճառ դարձավ: Ուսուբ բեկը վախճանվեց Շամիրամում 1934թ հունվարի 12-ին:
Հայաստանի անկախության հռչակումից հետո միայն հնարավոր դարձավ ճշմարտությունը ի հայտ բերել, ըստ արժանավույն գնահատել եզդի ժողովրդի մեծ զավակի կյանքն ու գործը: 2007թ. Ուսուբ բեկի անունով կոչվեց Շամիրամ գյուղի դպրոցը:
Մանուկ Մուրադյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=336041349848009&set=a.220368138081998.48933.219951294790349&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել